Ամբերդ ամրոց

       Պատմական Արագածոտն գավառում՝ Արագած լեռան հարավային լանջին՝ Արքաշեն և Ամբերդ գետերի միացման տեղում՝ 2.300 մ բարձրության վրա է Ամբերդ միջնադարյան բերդաքաղաք-ամրոցը: Ըստ հայագիտության երախտավոր, հայ ճարտարապետության պատմության հետազոտությունների առաջամարտիկ, ռուս անվանի գիտնական Նիկոլայ Տոկարսկու՝ դղյակը և պարսպի որոշ հատվածներ կառուցվել են 7-րդ դարում Կամսարականների օրոք: Ամբերդ անառիկ բերդաքաղաքը պատկանում էր Պահլավունի իշխաններին և իր բնական դիրքով ու պաշտպանական կառուցվածքներով Բագրատունիների թագավորության ռազմական կարևոր հենակետերից էր: Բերդն ունեցել է անկանոն եռանկյունու ձև. խոցելի հատվածներում եղել են բուրգերով ամրացված պարիսպներ: Բերդապարիսպների բուրգերը կառուցվել են՝ տեղանքի առանձնահատկություններից ելնելով: Ճանապարհների նկատմամբ մուքերի հաշվենկատ դիրքավորման հետ դրանք ստեղծել են պաշտպանական անմատույց մի համակարգ: Նրան էր վերապահված Անի քաղաքի պաշտպանողական օղակի պատասխանատու դերերից մեկը:

1936 թվին հայ արևելագետ, հնագետ Հովսեփ Օրբելու, 1963-72թթ. Ն. Տոկարսկու և Ս. Հարությունյանի ղեկավարությամբ Հայաստանի ԳԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի պատմահնագիտական ուսումնասիրությունների վկայությամբ՝ անմատչելի ամրոցը թվագրվում է 10-13դդ.: Պեղումների ժամանակ հայտնաբերվել են մետաղյա իրեր, զենքեր, արծաթե զարդեր, խեցեղեն, ապակեղեն, ոսկե, պղնձե դրամներ, մոմակալներ, բրոնզե աշտանակներ և այլ հնագիտական իրեր: Այս հոյաշեն պաշտպանական ամրակառույցն ընդգրկում էր մի շարք պատմաճարտարապետական հուշարձաններ՝ ամրոցապարիսպներ, Արքաշեն ձորի և Ամբերդաձորի դարպասները, դղյակ, ջրամբարներ, մատուռ, բնակելի շինություններ և կաթողիկե եկեղեցին՝ Վահրամաշենը, որը Վահրամ Պահլավունու հովանավորությամբ կառուցվել է բերդաքաղաքի կենտրոնական բարձրադիր մասում՝ Արքաշեն պարսպի մոտ: Եկեղեցին ունի խաչաձև գմբեթավոր հորինվածք: Ուղղանկյուն հատակագծի մեջ ամփոփված է աղոթարանը, ներքուստ բոլորաձև, արտաքուստ 12 նիստերի թմբուկը հարդարված է զույգ որմնասյուներով, ծածկված է հովանոցաձև վեղարով:

Ներսում՝ պատի վրա, կա եկեղեցու կառուցման վերաբերյալ շինարարական արձանագրություն: Իր իսկ հիմնադրման օրից օտար նվաճողների անթիվ-անհամար ոտնձգությունների ու այլ փորձությունների է դիմակայել Ամբերդը, սակայն 1236 թվին մոնղոլները գրավեցին և գրեթե հիմնովին ավերեցին այն: Չնայած թշնամու շարունակական անկշտում ախորժակին՝ ամրոցը կրկին ու կրկին վերակառուցվում էր ու էլ ավելի ամրացվում. 13-րդ դարում Վաչուտյանները վերստին վերակառուցեցին բերդ-ամրոցը: Այնուհանդերձ, մեր պատմության բազմաթիվ օրհասական անցքերի ականատես Ամբերդը իր նշանակությունը կորցրեց թուրք-թաթարական արշավանքներից հետո և ամայացավ Լենկթեմուրի օրոք 14-րդ դարավերջերին: Պահպանվել են Ամբերդի դղյակի և բերդապարիսպների ավերակները, եկեղեցին, բաղնիքը և մի քանի այլ կառույցների մնացորդներ: 1949-72 թթ. ճարտարապետ Յու. Թամանյանի կազմած վերանորոգման նախագծով կատարվել են Վահրամաշեն եկեղեցու, բաղնիքի նորոգման և ամրակայման աշխատանքներ, իսկ համալիրում հուշարձանների բարեկարգման հիմնովին ու վերջնական աշխատանքները կայացել են 2005-2007 թվերին:

3D Ամբերդ