Դադիվանք

      Պատմական Արցախ նահանգի Խաչեն գավառի կրոնական ու մշակութային կենտրոն Դադիվանք ({Խութավանք) ճարտարապետական սրբազանագույն հուշարձանախումբը քրիստոնեական քարոզչության համար հիմնադրվել է Ք.ա. 1-ին դարում Թարթառ (Տրտու) գետի ձախ ափին՝ Մռավ լեռան անտառապատ լանջին՝ Տեր Հիսուս Քրիստոսի Թադևոս առաքյալի 70 աշակերտներից մեկի՝ նահատակված սուրբ Դադի գերեզմանատեղում: 5-րդ դարից հիշատակվում է որպես եպիսկոպոսանիստ և հոգևոր առաջնորդարան Մեծ Կվենք գավառում: Դարերի ընթացքում վանական համալիրն արաբական և թուրք-սելջուկական արշավաքների ժամանակ բազմիցս ենթարկվել է ավերի ու ավարի, սակայն յուրաքանչյուր անգամ վերստին վերականգնվել ու ավելի է բարգավաճել:

12-րդ դարում առակագիր Մխիթար Գոշը միառժամանակ այստեղ է բնակվել ու աշխատել իր ,,Դատաստանագրքի,, վրա, որը հետագայում հսկայական դեր ու նշանակություն է ունեցել միջնադարյան հայ քաղաքակրթության կյանքում: Այս դարակազմիկ հուշարձանը 13-րդ դարում կյանքի է կոչել Առանշահիկ-Վախթանգյան իշխանական տան Վախթանգ իշխանի կինը՝ արվեստի քաջագիտակ, Դադիվանքի բազմաթիվ որմնանկարների ու շատ եկեղեցիների համար գործած վարագույրների հեղինակ, Հաթերքի իշխանուհի Արզուխաթունը: Ըստ հայ պատմիչ և եկեղեցական գործիչ Կիրակոս Գանձակեցու ,,Հայոց պատմություն,, աշխատության՝ Դավիթ Ծարեցին՝ Սքանչելագործը, իր գործունեությունը ծավալել է Հանդաբերդ ամրոցին կից Ծար-Ջերմուկում՝ ,,Բաղնիք արքունաքում,,: Պատմիչը վկայում է, որ Քրիստոսը Ծարեցուն երևում է և ասում. ,,Վերափոխի՜ր աշխարհը, բուժի՜ր մարդկանց,,: Եվ վերջինս հանքային ջրով բուժում է տկարներին: Հենց այս տեսիլքն է իր կառուցած եկեղեցու պատի որմնանկարում պատկերել Արզուխաթունը:
Հայ միջնադարյան կերպարվեստի հմուտ մասնագետ Լիդիա Դուռնովան, տեսնելով Դադիվանքի որմնանկարները, անչափ հիացել է ու ցանկացել այդտեղ գիշերել: 1214թ. Հայոց Արևելից Կողմանց թագուհու կամքով հայրենիքի համար նահատակված իր երկու որդիների՝ Հասան և Գրիգոր իշխանների ու ամուսնու հիշատակին ներքուստ խաչաձև հիմքի վրա, չորս անկյուններում երկհարկ ավանդատներով, ներսը որմնանկարազարդված ու բազմաչարչար դասական աշխատանքով է կառուցվել Դադիվանքի չորս եկեղեցիներից գլխավորը՝ Կաթողիկեն: Կառույցին համահունչ են երկհարկանի ազնվատեսիլ զանգակատունը և սյունասրահը, որոնց արևմտյան մասում անպիղծ պահպանվել են 1283-ին կանգնեցրած վանքի առաջնորդ Աթանասի երկու ճարտարարվեստ խաչքարերը, որոնք, ըստ արքեպիսկոպոս, ազգային-հասարակական գործիչ Ներսես Մելիք-Թանգյանի, ,,… ոչ մի տեղ, ոչ մի վանքի մեջ իրենց հավասարը չունեն,,:

Կաթողիկեին առընթեր թաղակապ գավթով, ուղղանկյուն բեմով երկրորդ եկեղեցին է, հուշարձանախմբի հյուսիսային մասում են մեծությամբ ակնառու միանավ եկեղեցին, հարավում՝ փոքր գմբեթով եկեղեցին ու վանքի օժանդակ կառույցների խումբը՝ չորս սյուներով ժամատունը, խոհանոցով սեղանատունը, հյուրատունը, գրատունը և այլազան սենյակներ: Համալիրի կազմում Հասան-Ջալալի ապարանքն է. առաջին հարկում հնձանն ու մառանն են: Վանքն ունեցել է ընդարձակ կալվածքներ, սակայն 1920 թվին գավառն Ադրբեջանին բռնակցվելուց հետո զրկվել է դրանցից և դադարել գործելուց: 1960-ական թվերին Ադրբեջանի իշխանությունները վանքային համալիրի վայրում գյուղ են հիմնել, որի բնակիչներն էլ վնասել են թե՜ շենքերը և թե՜ որմնանկարները: Արցախյան հերոսամարտի ժամանակ՝ 1993թ. մարտի 31-ին, Դադիվանքն ազատագրվել է, և 1999թվից էլ Վերին Խաչենի հոգևոր կեենտրոնը նորոգվում է:

3D  Դադիվանք