Վաղարշապատ / Էջմիածին /

Հայ ժողովրդի պատմական քառուղիներում Արշակունիների պետականության թագավորանիստ քաղաք, կրոնական և մշակութային կենտրոն, երբեմնի քաղաքամայր Վաղարշապատը Հայաստանի Արմավիրի մարզում է , որի տարածքում 6 գեղեցկատեսիլ եկեղեցի կա՝ հայ առաքելական եկեղեցու հոգևոր և վարչական կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, Ս.Հռիփսիմեն, Ս.Գայանեն, Ս.Շողակաթը, Ս. Մարիամ Աստվածածինը և Զվարթնոց տաճարը, որը հիշատակվում է նաև Առապարի Սուրբ Գրիգոր անունով: Համաձայն Մովսես Խորենացու ,,Հայոց պատմության,,՝ մինչ Վաղարշապատ կոչվելը քաղաքը հաջորդաբար  անվանվել է Արտիմեդ, Վարդգեսավան, Վաղարշապատ, մերթընդմերթ Էջմիածին և որոշ ժամանակ՝ Կայնեպոլիս /Նոր քաղաք/: Բնակավայրի Արտիմեդ անվանումը կապում են տարածքում գտնվող Արտեմիդ՝ Անահիտ, աստվածուհուն նվիրված տաճարի հետ: Վարդգես Մանուկը գալիս է Արտեմիդ՝ Երվանդ արքային խնամախոսելու, և Շրեշ բլրի վրա՝ Քասախ գետի մոտ, իր անվամբ  հիմնում է Վարդգեսավանը: 2-րդ դարի առաջին կեսին  Սանատրուկ Բ-ի որդի Վաղարշ Ա թագավորը Վարդգեսավանը պատում է անառիկ պարսպով ու ահռելի պատվարով և այն դարձնում թագավորանիստ քաղաք՝ վերանվանելով Վաղարշապատ: 163թ.-ից 193-ը հռոմեացիք գրաված ու ավերած Արտաշատի փոխարեն Վաղարշապատը նույնիսկ մայրաքաղաք են հռչակում և անվանում Կայնեպոլիս /Նոր քաղաք/: 1945թվից 1992-ը քաղաքը վերանվանվել է Էջմիածին, այնուհետև Վաղարշապատ, որը բնակելի է եղել դեռևս Ք. Ա. 6-3 հազարամյակներից: Տեղանքի մասին առաջին տեղեկություններըն ավանդել է Բիայնայի /Վանի/ թագավոր Ռուսա Բ-ն / Ք.ա. 685-645թթ./՝ տարածքը կոչելով Կուարլինի կամ Կուտուրլինի հովիտ: 3-րդ դարավերջի Վաղարշապատի նկարագրի մասին ստույգ տվլալներ է հաղորդում Ագաթանգեղոսը: Քաղաքը և նրա  մերձակա շրջակայքը միջին դարերում մտնում էին Մեծ Հայքի Այրարատ նահանգի Արագածոտն գավառի մեջ: Վաղարշապատն Արևելքի մեծ քաղաքների նման շրջապատված էր բարձրադիր պարսպով, որի կենտրոնում վաճառաշահ շուկան էր և անմատչելի միջնաբերդը, ներսում՝ արքունի գեղահրաշ ապարանքը և լուսերես մայր տաճարը, իսկ պարիսպներից այն կողմ անպաճույճ արվարձաններն էին: Պարիսպների ներսում ապրում էին ազնվականներն ու իշխող դասը, իսկ դրսում՝ աշխատավորությունը: Առաջնակարգ քաղաքամայր Վաղարշապատի  բարգավաճ ու քաղաքակիրթ աստիճանի բարձրացումը 301թվից քրիստոնեական Հայաստանի հոգևոր կենտրոն, ինչպես նաև կաթողիկոսական նստավայր դառնալու հետևանքն էր: Մաշտոցյան անդրանիկ կրթօջախն ու հայկական առաջին պետական-պաշտոնական մատենադարանը նույնպես Վաղարշապատի անվան հետ են առնչվում: Հետագայում / բացառությամբ Բագրատունիների ժամանակ / քաջակերպ  Վաղարշապատը դժնդակ ասպատակություններից անշքանում է և նոր հանդերձ ու լիաշունչ կենսակերպ է  ձեռք  բերում միայն 1441թվին, երբ կաթողիկոսական աթոռը Սիսից տեղափոխվում է Էջմիածին, որը կրկին դառնում է ոչ միայն կրոնական, այլ նաև վարչական կենտրոն: 1828-ից, Արևելյան Հայաստանը միանալով Ռուսաստանին, Վաղարշապատ-Էջմիածինը մինչև 1930թ. դառնում է Երևան նահանգի Էջմիածին գավառի կենտրոնը: Խորհրդային իշխանության առաջին օրերից Էջմիածինը դադարում է վանքապատկան լինելուց և փոխարկվում է միայն Վաղարշապատի կենտրոնի: Ազատանկախ Հայաստանի օրոք Վաղարշապատի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Մայր տաճարը Ամենայն հայոց կաթողիկոսի սրբազան նստավայրն է և համաշխարհային զբոսաշրջության կիզակետերից մեկը: