ԳԱՆՁԱՍԱՐ

     Արցախի Մարտակերտի շրջանի Վանք գյուղում՝ Խաչեն գետի ձախ ափին խոյացող դիմացի բլրին է Խաչենի իշխանների վաղեմի տոհմական տապանատուն և առաջնորդարան վսեմափառ Գանձասար վանքը: Իր անունը ստացել է այդ բլրի ընդերքում արծաթի և այլ մետաղների հանքերի առկայության շնորհիվ: Այն ուղղանկյուն, ներսից խաչաձև, չորս անկյուններում երկհարկ ավանդատներով կառույց է: Աչքի է ընկնում ճարտարապետական հարուստ հարդարանքով, ներսում՝ թմբուկի հիմքին, տեղադրված են բարձրաքանդակ գլուխներ, բեմառաջը զարդարված է երկրաչափական քանդակներով: Արտաքին հարդարանքում 16 նիստերի թմբուկը և հովանոցաձև վեղարն են: Թմբուկի նիստերը մեկընդմեջ ջլատված են անկլունաձև խորշերով, որտեղ տեղադրված են Ադամի և Եվայի, Քրիստոսի, Աստվածամոր բարձրաքանդակները: Պահպանվել են միայն տաճարը և գավիթը: Վանքն իր հոգևոր կենտրոնի դերը պահպանել է Հասան-Ջալալյան տոհմի իշխանների մշտական հոգածության ջանքերով: Գանձասարն ունեցել է հարուստ ձեռագրատուն, դպրանոց, որտեղ ստեղծվել են բարձրարժեք ձեռագրեր, կրթվել են հոգևոր գործիչներ, որոնք իրենց անմնացորդ նպաստն են ներդրել Խաչենի և հարակից շրջանների մտավոր ու մշակութային կյանքի զարգացմանը: Նրա մասին գրավոր առաջին տեղեկությունը հայտնում է Անանիա Մոկացի կաթողիկոսը (10-րդ դարի 2-րդ կես):

Ըստ ուսումնասիրությունների՝ 1214թ. Ներքին Խաչենի կամ Խոխոնաբերդի իշխանությունը Վախթանգ 2-ից (Տանգիկ) հետո ժառանգում է նրա ավագ որդին՝ Հասան (Հայկազ) Ջալալը, և նրանից սերված տոհմը կոչվում է իր անունով: Պատմական աղբյուրներում նրան մի շարք տիտղոսներ են տրվել՝ <<Մեծ իշխան>>, <<Իշխանաց իշխան տեր Խաչենոյ և Առանայ>>, <<Թագավոր Ջալալ Դովլա>>, <<Բարեպաշտ արքա Ջալալ>> և այլն: Ըստ Կիրակոս Գանձակեցու՝ նրա հայրը վախճանվելիս որդուն և նրա կնոջը՝ Խորիշահին, որ Բագրատունյաց տոհմից իշխանաց իշխան Սարգիս ամիրսպասալար Զաքարյանի դուստրն էր, կտակել է. <<Զի շինեսցուք եկեղեցի ի գերեզմանատ հարց մերոց ի Գանձասար>>: 1216-1238թթ. Հասան-Ջալալ իշխանի նախաձեռնությամբ կառուցվում է Գանձասարի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցին. այն օծվել է 1240թվին՝ Վարդավառի տոնին, որի ժամանակ ներկա են գտնվել Աղվանքի Ներսես կաթողիկոսը, Վանական Վարդապետը, եպիսկոպոսներ, Հայաստանի վանքերի շատ առաջնորդներ և 700 քահանա: Սակայն խաղաղ ժամանակներին հաջորդած օրերի ընթացքում Մամքանի փառաբանված ամուսինը՝ Ջալալը, 1261թ. ողբերգական վախճան է ունենում, և կինը որոշում է կառուցել Գանձասարի վանքի գավիթը, որտեղ էլ ամփոփվում է ամուսնու աճյունը:

Գավիթը խաչվող կամարներով է ծածկված և իր հատակագծային-ծավալային հորինվածքով նման է Հաղպատի վանքի ժամատանը և Մշկավանքի գավթի ձևերին: 1260թ. Թիֆլիսը (Տփղիս) լքած վրաց թագավոր Դավթին՝ Լավշայի որդուն, ու Վրաստանի ժողովրդին փրկելու համար և թաթարների դեմ ապստամբություն կազմակերպելու պատրվակով ոստիկան Արղունը ձերբակալում է թագուհի Գոնցային, Հասան Ջալալին, Զաքարե ամիրսպասալարի որդուն՝ Շահնշահին, և ուրիշների: Փրկագնով բոլորն ազատվում են՝ բացի Մեծն Ջալալից, ում Արղունը ստիպում է ուրանալ հավատը, տանում Ղազվին (Իրան): Հասան Ջալալը հավատափոխ չի լինում, որի համար էլ 1261թ. Արղունի դահիճները <<անդամ առ անդամ հոշոտում են նրան>>: Հասան Ջալալ Դոլայի վրա լույս է իջնում, և մի պարսիկ, տեսնելով այդ, հավատում է, որ նա սուրբ է, հավաքում է մարմնի մասերը և պահում մի ցամաք ջրհորի մեջ: Հասան Ջալալի Աթաբակ-Իվանե որդին նահատակված հոր մասունքները բերում է հարենիք և ամփոփում մոր՝ արդեն կառուցած վանքի գավթում: Առ այսօր Ջալալալ Մեծի տապանաքարը գտնվում է Գանձասարի վանքի գավթում: Ազատագրական շարժման կենտրոնի դերը պահպանվել է մինչև 1815թ.-ը, երբ Ռուսաստանի ցարական կառավարության հրահանգով Գանձասարի կաթողիկոսությունը վերանում է, իսկ նրան փոխարինած միտրոպոլիտության աթոռանիստը դառնում Շուշին:

Գանձասարի վանքը մոտ 1400 թվին դարձել է Աղվանքի կաթողիկոսության աթոռանիստը: Այս վանքում կաթողիկոսների հետ հանդիպել են 16-17-րդ դարերի հայ ազատագրական շարժման նշանավոր գործիչներ Իսրայել Օրին և Հովսեփ Էմինը: Այստեղ շատ աւժեքավոր գրքեր են գրվել՝ 15-րդ դարում Մատթեոս Մոնողոնի տաղերի ժաղավածուն, որտեղ ներառված է Ալեքսանդր Մակեդոնացու չափածո պատմությունը, իսկ 18-րդ դարում՝ Հովհաննես կաթողիկոսի <<Դատաստանագիրքը>>: Ըստ պատմական փաստերի՝ Գանձասարում են ամփոփված Հովհաննես Մկրտչի, նրա հոր՝ Զաքարիայի, Գրիգոր Լուսավորչի, նրա թոռան՝ Գրիգորիսի, սուրբ Պանտալեոն բժշկի և այլ նահատակների սուրբ մասունքները: Ֆրանսիացի բյուզանդագետ Շառլ Դիլի կարծիքով՝ Գանձասարը ճարտարապետության ամենաուշագրավ հինգ կոթողներից մեկն է:

3D  Գանձասար