Գեղարդի վանք

   Միջնադարյան Հայաստանի հմուտ վարպետների և քաջագործ ճարտարապետների արտակարգ աշխատանքով այժմյան Կոտայքի մարզի Ազատ գետի վերին հոսանքի աջ ափին  կերտվեց աշխարհում եզակի միակուռ, միակտուր երկհարկանի քարակերտ մի վանքային համալիր, որը, բացի Հայաստանի պաշտամունքային հոգևոր ու մշակութային կենտրոններից մեկը լինելով, իր մեջ ներառել է դպրանոց, գրադարան, գրչատուն, բազմաթիվ ժայռափոր խուցեր վանականների կեցության համար: Քանի որ հռչակավոր վանքը կառուցվել է լեռնալանջին՝այրերի մեջ, հնում նախապես կոչվել է Այրիվանք կամ Քարայրերի վանք:

     Քարայրային այս հուշարձան-կոթողը հետագայում՝ 13-րդ դարում, անվանակոչվել է Գեղարդ՝ ի պատիվ վանքում պահվող ս. գեղարդի, ինչը զենքի մի տեսակ է՝ բաղկացած փայտե կոթից, որի գլխին ամրացած է տափակ եռանիստ սրածայր երկաթե տեգ: Ըստ ավանդության՝ հռոմեացի հարյուրապետ զինվորը այդ ,,գեղարդ,, կոչվող զենքով խոցել էր խաչված Քրիստոսի կողը, որը դարձել է քրիստոնեական աշխարհի սրբությունը: Հայկական և օտար աղբյուրները հիշատակում են, որ Գեղարդավանքը հիմնադրվել է Քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակելու առաջին տարիներին՝4-րդ դարի սկզբին: Պահպանված հնագույն կոթողի պարսպապատերից դուրս ժայռափոր մատուռն է, որի որմերի վրա փորագրված են 12-13-րդ դդ. նվիրաբերական արձանագրություններ: 13-րդ դարում ստեղծվել է ճարտարապետական հիմնական հուշարձանախումբը, որի մեջ մտնում են գլխավոր եկեղեցին /կաթողիկե/, կից գավիթը, երկու ժայռախորշ եկեղեցիներ, ժամատուն-դամբարանը և տարբեր չափի խուցեր: Այս ամենը հյուսիսային կողմից շուրջբոլորված են ուղղաձիգ անօրինակ ակնախտիտ ժայռերով, իսկ մնացած կողմերից՝ պարուրված քարաշեն պարսպապատերով:

     Ավելի ուշ /17-րդ դար/ պարսպին կից կառուցվել են բնակելի և տնտեսական տարբեր շինություններ: Գլխավոր եկեղեցին, ըստ ճակատին արված արձանագրության, կառուցվել է 1215- ին՝ Զաքարյանների օրոք: Գեղարդի շինարարական կյանքի առավել կարևոր՝ երկրորդ շրջանը սկսվել է 13-րդ դարի կեսերից, երբ Պռոշ իշխանը վանքը Զաքարյաններից գնելուց հետո սկսել է վիմափոր շենքերի կառուցումը: Առաջին եկեղեցին, որը գտնվում է գլխավոր եկեղեցուց գավթի հյուսիսարևմտյան կողմում,  ստեղծվել է 13-րդ դ. 30-ական թթ.ից մինչև 1250-ը: Եկեղեցու գմբեթակիր քառակուսու վրա փորագրված է ճարտարապետի անունը՝Գալձագ: 1283-ին փորվել են երկրորդ եկեղեցին և նրա գավիթը, մուտքի առանցքի ուղղությամբ՝ կամարների մեջ, քանդակված է եզան գլուխ, որը պահում է շղթայակապ երկու առյուծների, նրանցից ներքև պատկերված է թևերը պարզած արծիվ՝ճիրաններում գառ: Ենթադրվում է, որ քանդակը Պռոշյանների տոհմական զինանշանն է: 1288-ին կառուցվել է Պռոշ իշխանի որդի Պապաքի և նրա կին Ռուզուքանի ժամատուն-դամբարանը, որը չորս անջատ սյուներով կենտրոնակազմ գեղեցկագույն հորինվածք է: Գեղարդի վանքի չքնաղատեսիլ վանքային համալիրը ՅՈՒՆԵՍԿՕ-յի համաշխարհային ժառանգային մաս է :

3D  Գեղարդ