Գոշավանք

     Համաշխարհային պատմամշակութային ժառանգության` ազնվաշուք ճարտարապետության առանձնահատուկ հուշակոթողներից է ,,Գոշավանք,, / Նոր Գետիկ / վանատուն-լրակազմը, որը Դիլիջանից 15 կմ հեռավորության վրա՝ Գետիկ գետի ափին ծվարած, սաղարթախիտ անտառներով բոլորված Գոշ գյուղում է: 1188 թվին երկրաշարժից փլուզված հնամենի  Գետիկ վանքի փոխարեն իշխան Իվանե Զաքարյանի աջակցությամբ  գիտնական, օրենսդիր, դավանաբան, մեկնիչ, առակագիր, մանկավարժ Մխիթար Գոշը հիմնադրել է մի նոր հուշարձան-վանք՝  անվանելով այն  Նոր Գետիկ:

     ,,Դատաստանագիրք,, օրենսգրքի հեղինակի մահվանից / 1213թ. / հետո նրա պատվին էլ Նոր Գետիկը անվանակոչվել է Գոշավանք, որը պատմական աղբյուրներում հիշատակվում է նաև որպես վարժարան, վարժապետարան, համալսարան, ճեմարան: Այստեղ են կրթվել և արարել մշակույթի ակնառու գործիչներ Վանական Վարդապետը և Կիրակոս Գանձակեցին, որոնք էլ հետագայում  ստանձնել ու շարունակել են իրենց իսկ հիմնած  կրթօջախի ավանդները:

     1260-1266 թթ.-ին, երբ թուլացավ Զաքարյանների իշխանությունը, Գոշավանքը վաճառվեց ժամանակի նշանավոր հարուստներից մեկին՝ ՈՒմեկին, ում օրոք առանձնահատուկ հմայք ստացան վանքային համալիրը, որի մասնաբաժին էին կազմում  Կիրակոս Գանձակեցու ,,Հայոց պատմություն,, աշխատությունում վկայած  վանքի գլխավոր եկեղեցին՝ Ս. Աստվածածինը /1191-1196թթ. /, որը կառուցվել էր ինչպես Մխիթար Գոշի և միաբանների, այնպես էլ Վախթանգ Մեծի կնոջ՝ Արզախաթունի և նրա եղբայրների օգնությամբ, բարեբեր այգիները, ջրաղացները, գյուղերը, վարելահողերը, անտառներն ու ամառանոցները: Այժմ պահպանվել են Ս. Աստվածածին, Ս. Գրիգոր եկեղեցիները, գավիթը, Գ. Լուսավորիչ և երկու փոքրաչափ այլ մատուռները, երկհարկանի գրատուն-զանգակատունը, ժամատան մնացորդները, խաչքարերն ու այլազան շինությունների հիմքերը: Սրանց մեծ մասը կառուցել է ,,Հյուսն,, մականունով Մխիթար վարպետը: Հուշակոթող-համալիրի բաղկացուցիչ մասն են կազմում նաև գերեզմաններն ու խաչքարերը, որոնց թվում և Պողոս վարպետի ,,ասեղնագործ,, երեք խաչքարերը: Դրանցից մեկը՝ Ս. Գրիգոր Լուսավորիչ մատուռի ճակատի մոտ տեղակայվածը, 1935թվին տեղափոխվել է  Հայաստանի պետական թանգարան: Գոշավանքից քիչ հեռու Ս. Գևորգ նրբակերտ գմբեթավոր փոքր եկեղեցին  /1254 թ./, Գոշի բնակարանի մասունքները և նրա կիսավեր դամբարանն են: Հուշարձանախումբը նորոգվել է 1957-66թթ.-ին, իսկ 1972-ին համալիրին առընթեր հիմնվել է թանգարան:

3D  Գոշավանք