Հաղարծնավանք

     ,,Հաղարծին,,  վանքային հրաշակերտ համալիրը մեր դարավոր պատմության խորհրդավոր կառույցներից է, որը Տավուշի մարզի թավ անտառներով շրջափակված կիրճում համառ ու խրոխտ ծվարած է արդեն տասը և ավելի դարեր ի վեր` չնայած տարատեսակ թշնամիների ժամանակ առ ժամանակ ոտնձգություններին: Բացի համալիրում առկա քանդակազարդ, ընդարձակ գավիթներից ու ասպնջական սեղանատնից` Հաղարծնավանքը պատմականորեն նշանավոր է նաև Կյուրիկյան թագավորների գերեզման-դամբարանով: Համալիրի ամենահին Սուրբ Գրիգոր եկեղեցու հիմնարկեքը հիշատակվում է 10-րդ դարում:

     Բյուզանդիայի տիրապետության ներքո գտնվող Արևմտյան Հայաստանից մազապուրծ փախած վանականները սերունդներին են ժառանգել ներքուստ խաչաձև, արտաքուստ ուղղանկյուն ավանդատներով գմբեթավոր մի գեղատեսք աղոթատեղի, որը հետագայում` 12-րդ դարում, սելջուկ-թուրքերի առաթուր պաշարումներից գազանաբար հոշոտվել է ու փյունիկյան մոխիրներից կրկին /1182թ./ վեր  խոյացել վրաց թագավոր Գեորգի 3-րդի և հայ իշխանների հոգածությամբ: Հենց նույն դարավերջին էլ` իր ծաղկման գագաթնակետին, դառնում է հյուսիսարևելյան Հայաստանի հոգևոր և մշակութային կենտրոնը` շնորհիվ վանահայր, երաժիշտ ու գիտնական Խաչատուր վարդապետ Տարոնացու ևՍուքիաս վարդապետի ջանքերի:  Այնուհետև իշխան Իվանե Զաքարյանի վասալներ Աթանեսի և Արտավազդի օժանդակությամբ Սուրբ Գրիգոր եկեղեցու հարևանությամբ կցակառույց գավիթ ու աղոթարան, անգամ հուղարկավորման տեղեր են հայտնվում:

     1244-ին եկեղեցուց արևելք երկնագույն բազալտից կառուցվել է Սուրբ Գրիգորի կրկնօրինակ փոքր-ինչ նվազածավալ Սուրբ Ստեփանոս գմբեթավոր եկեղեցին: Իսկ 11-րդ դարում ճարտարապետական գեղադիր համալիրն ամբողջանում է շքեղաշուք զարդանախշերով ու խորշերով Սուրբ Աստվածածին եկեղեցու գերիշխանությամբ, որը դարերի ընթացքում դարձյալ այլազան ավերումներից վերականգնվել ու նորոգվել է բազմիցս: Հաղարծնավանքի շրջակայքում կան մանրակերտ խաչքարեր ու մատուռներ: Համալիրի ամբողջական ու վերջնական տեսքը հեղինակում է տաղանդավոր ճարտարապետ Մինասը՝ միջնադարյան ճարտարապետության գլուխգործոց հյուրընկալ սեղանատնով, որից քիչ հեռու մեր օրերում հնէաբանները պեղել են 350-կիլոգրամանոց բրոնզե կաթսա՝ թվագրված 1232թ.,որը հիմա ի պահ է տրված Հայաստանի պատմության պետական թանգարանին:

     Հայրենական բարձրարվեստ ճարտարապետության հնամենի ակունքները վկայող այս համալիրը գտնվում է մեր պետության ուշադրության կիզակետում, և լայնամասշտաբ վերականգնողական վերջին աշխատաքները կատարվել են 2012թվին:

     Այցելելով Հաղարծին՝ կարող եք նաև զմայլվել Դիլիջանի անկրկնելի ու զարմանահրաշ բնությամբ:

3D Հաղարծին