Հաղպատ

     Լոռու մարզի Ալավերդի քաղաքից քիչ հեռու՝ խորխորատ կիրճերով եզերված սարահարթի վրա, 976 թվին՝ Բագրատունի Աշոտ Գ-ի թագավորության օրոք է տեղական մոխրագույն բազալտից  հիմնադրվել Հաղպատավանքը,որը Միջնադարյան Հայաստանի աշխարհիկ և  հոգևոր-մշակութային մեծահամբավ ուսումնակենտրոններից էր, որտեղ քերականության, հռետորական արվեստի,աստվածաբանության,երաժշտության և մանրանկարչության գաղտնիքներն ուսանելու նպատակով գալիս էին ժամանակի նշանավոր գործիչներ ոչ միայն Հայաստանի մարզերից: Այստեղ նկարազարդվել են բազմաբովանդակ ձեռագրեր և հուշամատյաններ,  որոնց  մեջ առավել արժևորվում է ,,Հաղպատի Ավետարանը,,:

     12-րդ դարից մինչև 14-րդը Հաղպատի պերճաշուք վանքը դառնում է Կյուրիկյան թագավորության թեմական կենտրոնը, և Սանահինից այստեղ է փոխադրվում մեծապատիվ ննջեցյալների տոհմական շիրմատունը: 12-րդ դարասկզբին՝ 1105 թվին, Հաղպատը և Սանահինը թալանում է սելջուկ Ղզիլ ամիրան, իսկ 1111-13 թվերին անկում է ապրում արդեն ջլատված տեղական թագավորությունը: 12-րդ դարի 2-րդ կեսից մինչև 14-րդ դարը Հաղպատը պատկանում էր Մահկանաբերդի Արծրունիներին, ապա Զաքարյաններին: 1223 թվին Իվանե Զաքարյանի հրամանով վանքի հաստատակամ միաբանության պաշտպանության համար շրջակա տարածքում կառուցվում է Հաղպատի ամրոցը: ,,Հաղպատավանք,, համալիրի մասնաբաժնում է Ս. Նշան տաճարը՝ բոլորեքյան Հովհաննես Խաչենցու կառուցած 2 գավիթ, 3 փոքրաչափ եկեղեցի, 2 միջանցք-տապանատուն, սեղանատուն, քառակուսի դահլիճով գրատուն, զանգակատուն, հոյատեսիլ մատուռ-դամբարաններ և գեղազարդ խաչքարեր: Եվ քանի որ հատկանշական էր այդ օրերի համար մշտնջենական ոտնձգությունները, համալիրը շրջափակում են աշտարակավոր պարսպով, որից անդին աղբյուրի շենքն է  և մի քանի փոքր եկեղեցիներ: Հաղպատավանքի հնամենի  եկեղեցին 976-91 թվերին Աշոտ Գ թագավորի կնոջ՝  Խոսրովանույշ թագուհու ձեռնարկած Ս. Նշանն է, որը 13-րդ դարի որմնանկարներով պճնված հայկական ճարտարապետության նոր ոճական ուղղության փայլուն օրինակ է, ինչն այնուհետև արմատվեց դարաշրջանի բազմաթիվ կառույցներում: Ըստ ավանդության՝ այն կառուցել է ճարտարապետ Տրդատը:

     ՈՒշագրավ է արևմուտքից կից ներքին հորինվածքով մեծ գավիթը, որը 13-րդ դարի 10-ական թվերին է կառուցվել Կյուրիկե թագավորի դուստր իշխանուհի Մարիամի հիմնարկած տապանատան տեղում: Վանահայր Համազասպը 1257 թ. կառուցել է ընդարձակ մի գավիթ, որն առ այսօր հայտնի է ,, Համազասպի շենք,, խորագրով: Համալիրի շինությունները բլրալանջից մշտապես գահավիժող անձրևաջրերից պատսպարելու համար հետագայում տաճարի արևելյան երկայնքով թաղածածկ միջանցքանման հուսալի տապանատներ ու գրատուն կառուցեցին: 1245-ին էլ եռահարկ զանգակատունը հիմնարկվեց, որի հարկերում հարմարավետ աղոթարաններ են: Համալիրի հյուսիսային մասում են 13-րդ դարի ծնունդ սեղանատունը, մեմորիալ հուշարձանները: Ս. Նշան տաճարի մուտքի մոտ է տեղակայված ,,Ամենափրկիչ,, գեղաշուք խաչքարը/1273թ./՝ ի պատիվ աթաբեկ և ամիրսպասալար Սադունի: 11-րդ դարում Ս. Նշան եկեղեցու հարևանությամբ օրհնվել է միջնադարի գանձարաններից ամենահարուստ գրադարանը, որը հետագայում որպես գրապահոց և ընթերցասրահ տեղափոխվեց վանքի մոտակա քարայրերը: Հաղպատ անունը ստուգաբանորեն նշանակում է ամուր պատ, նաև ծուղակ, որոգայթ:                                                        Հայկական        միջնադարյան խոշորագույն վանքային համալիր, նախկին համալսարան Հաղպատավանքը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության հովանու ներքո է:

3D  Հաղպատ