Ս. Հռիփսիմե եկեղեցի

     Պատմական Վաղարշապատի պարիսպներից դուրս 618թվին Կոմիտաս Աղցեցի կաթողիկոսը հիմնադրում է Ս. Հռիփսիմե գեղեցկահրաշ եկեղեցին, որի ավագ խորանի արձանագրությունում կաթողիկոսն իրեն անվանել է ,,Շինող սրբոյ Հռիփսիմեի,, /հիշյալ ժամանակաշրջանում ,,շինող,, բառն օգտագործվել է ,,ճարտարապետ,, նշանակությամբ/: Ըստ ավանդության՝ հռիփսիմյան կույսերի նահատակման վայրում Տրդատ արքան և Գրիգոր Լուսավորիչը կառուցել են Հռիփսիմեի վկայարանը՝ կիսագետնափոր հանգստարան՝ վրան քարաշեն չորս սյուներով ամպհովանի, որը 7-րդ դարում ավերել են պարսիկները, իսկ Գրիգոր Լուսավորիչը փոքր-ինչ անց կառուցել է նորը, Կոմիտաս կաթողիկոսն էլ այդ տեղում է հիմնադրել Հռիփսիմեի տաճարը:

     1653թվին Փիլիպոս կաթողիկոսը հիմնանորոգում է տարիների ընթացքում կիսավեր դարձած տաճարը և մուտքի առաջ կառուցում բաց գավիթ, որը հետագայում շրջափակվել է աղյուսաշեն անառիկ պարսպով ու բուրգերով: Հռիփսիմեի բարձրսեյսմակայուն տաճարը պատկանում է Միջնադարյան Հայաստանի եկեղեցական կառույցների առավել կատարելագործված տիպին, որը ներքուստ խաչաձև է, ընդարձակ, ամփոփ ու սլացիկ: Արտաքինից պարփակված է ուղղանկյուն ծավալի մեջ, անկյուններում չորս սենյակներ են, որոնք աղոթարանի հետ  կապվում են անկյունային խորշերով: Խորանների գմբեթարդների և նրանց տանիքների միջև թողնված են սնամեջ տարածություններ, որոնք նպաստել են եկեղեցու գերազանց ակուստիկային և ծառայել որպես գաղտնարաններ: Աղոթասրահը ստացել է խիստ արտահայտիչ տարածական լուծում, ութ զանգվածեղ որմնամույթերի ուղղաձիգ ընդգծումները նրան տալիս են վերսլացություն: 1958թվին մաքրվել է Հռիփսիմեի տաճարի ներսի տեսքը խաթարող սվաղը: Եկեղեցու շրջապատի պեղումների ժամանակ բացվել են նախաքրիստոնեական և վաղքրիստոնեական  շրջանի թաղումներ ու վաղ միջնադարի եկեղեցի:

3D  Սուրբ Հռիփսիմե եկեղեցի