Ջերմուկ

    Հայաստանի Վայոց ձորի մարզում՝ Արփա գետի վերին հոսանքի ակունքում՝ ծովի մակերևույթից 2070 մ բարձրության  լավային ոչ մեծ սարավանդի վրա՝ սաղարթագեղ անտառոտ լեռների գրկում  է 1935 թվին հիմնադրված գեղատես  Ջերմուկ առողջարանային քաղաքը, որին վարչատերիտորիալ կարգով պատկանում է նաև մերձակա Կեչուտ գյուղը: Ջերմուկում ավանդաբար բուժվում են ստամոքս-աղիքային համակարգի, լյարդի, լեղուղիների, ենթաստամոքսային գեղձի, հենաշարժական ապարատի, ծայրամասային նյարդային համակարգի, գինեկոլոգիական հիվանդություններով,  նյութափոխանակության խանգարումներով տառապողները:

     Ըստ շրջանառվող լեգենդի՝ փորձառու որսորդի նետահարած վիրավոր եղնիկը հազիվհազ հասնում է Ջերմուկի հանքային աղբյուրներին, նետվում ջուրը և բոլորովին ապաքինված դուրս գալիս ու անհետանում անտառում:  Այդ օրվանից ,,Ջերմուկ,, հանքային ջրի հրաշասուրբ համբավը տարածվում է աշխարհեաշխարհ, իսկ հրաշք ջրի գաղտնիքը մարդկանց փոխանցած եղնիկը դառնում է Ջերմուկի խորհրդանիշ, որն իր տեղանունը վաստակել էր սպեղանի տաք ջրերի շնորհիվ: 70 մ բարձրությունից Արփայի կիրճը գահավիժող Ջերմուկի  ջրվեժն էլ, որին ժողովուրդը ,, Ջրահարսի վարսեր,, է հորջորջում, իր շուրջը մեկ այլ լեգենդ է հյուսել:

     Շատ հնուց այսօրվա ջրվեժի տեղում ՝ անդնդասույզ  ժայռազանգվածի ծերպին էր գտնվում իշխանի ամրոցը, որի չքնաղագեղ դուստրը կուսական բնության մի նշխարն էր կազմում: Աշխարհի բոլոր ծագերից իշխանուհու ձեռքը խնդրող երիտասարդներին մերժած դշխուհու  սիրտը պատկանում էր միայն ու միայն  իրենց գյուղի հովվի քաջարի և պարթևահասակ որդուն: Հակառակ հոր խստագույն արգելքներին՝  թե իր սիրեցյաին ևս մեկ անգամ հանդիպելու դեպքում նա կվերածվի ջրահարսի, անողորմ անեծքից բխող վախն անգամ դեռատի սիրահարներին միմյանց տեսնելու  գաթակղությունից հետ չի պահում:  Գեղուհին  սիրեցյալին իր դղյակը բարձրացնելու համար այս անգամ պարանի փոխարեն յուր երկար ու նրբին ծամերն է կախում, և նույն պահին կատարվում է հոր դժնի անեծքը՝ պարմանուհուն վերածելով ջրահարսի, իսկ չքնաղատես վարսերը՝ ջրվեժի, որին ժողովուրդը ,,Ջրահարսի վարսեր,, է  անվանում:

     Ջերմուկի տեղում եղած հայկական հին բնակավայրի մասին առաջին հիշատակությունը կարդում ենք Ստեփանոս Օրբելյանի ,,Պատմություն նահանգին Սիսական,, աշխատությունում, ըստ որի՝ բնակավայրը հիշատակվում է 13-րդ դարում, սակայն քաղաքի տարածքում գտնվող հին կիկլոպյան ամրոցի և 8-րդ դարի եկեղեցու ավերակներն ու մնացորդները խոսում են այն մասին, որ հանքային ջրերի ակունքների մոտ գտնվող Ջերմուկ բնակելի տեղանքը գոյություն է ունեցել դեռևս շատ վաղուց: Նախկին Խորհրդային Միության առողջապահության մինիստրության որոշմամբ՝ 1970 թվին վերակառուցված Ջերմուկին համամիութենական նշանակության առողջարանի կարգավիճակ է շնորհվում: Ջերմուկը  ոչ միայն բազում լեգենդների զարմանալի բնաշխարհ է, այլև քաղաքում սփռված պատմամշակութային բյուր հուշարձաններով ու տեսարժան կառույցներով, խորագույն ձորերով ու վեհաշուք քարայրերի համալիրով, անտառային կածանում Արցախի հերոսամարտի նահատակ ֆիդայիների վեհականգուն  հուշարձանաշարով         հայտնի բնակավայր  ու իրավացիորեն  համշխարհային հռչակ վաստակած  բացօթյա թանգարան- առողջարան: 2007 թվից  Ջերմուկում գործում է 1000 մետրանոց ճոպանուղի, որի ամենաբարձր կետը 2480 մ է: Աշխարհի բոլոր կողմերից հանրահռչակ  ,,Ջերմուկ,,  առողջարան- քաղաքը հախընտրածներն ու գրեթե  բոլոր ապաքինվածներն էլ այստեղի ջրերի բնական բուժիչ տարրերի բաղադրությամբ հայկական այս առողջատունը  համեմատում են Ռուսաստանի Ժելեզնովոդսկի և Չեխիայի Կառլովի Վարիի առողջարանների հանքային ջրերի հետ:

3D  Ջերմուկ