Ծաղկաձոր / Կեչառիս /

Հայաստանի Կոտայքի մարզում՝ ծովի մակերևույթից 1841մ բարձրության վրա է հրաշատեսիլ հանգստի հանգրվան Ծաղկաձորը, որն իր հիմնական տարածքով փռված է Թեղենիս անտառածածկ լեռան հոյագեղ լանջին: Ծաղկաձորը՝ որպես բնակավայր, հիշատակվում է վաղնջական անհիշելի ժամանակներից, իսկ  նրա անվանումը կապված է Ծաղկունյաց լեռների հետ: Հնում կոչվել է Ծաղկոցաձոր, հետագայում՝ Ծաղկունյաց ձոր, իսկ միջնադարում հայտնի էր Կեչառիս կամ Կերառուք անունով: 15-րդ դարում վերանվանվել է Դարաչիչակ, որը Ծաղկունյաց ձոր անվան թուրքական թարգմանությունն է: 1947 թվին բնակավայրին վերադարձվել է իր պատմական անվանումը: Վաղ միջնադարում  գավառն արքունի Արշակունիների համար որսատեղի է եղել:   6-ից 7-րդ դարերում գավառն անցնում է Կամսարականների նշանավոր նախարարական տանը, իսկ այնուհետև՝ 10-րդ դարում, Պահլավունիներին է փոխանցվում գահակալությունը: Գրիգոր Մագիստրոս Պահլավունին 1033թվին վայելչաշեն եկեղեցի է կառուցում Կեչառույքում՝ այն անվանելով Գրիգոր Լուսավորչի անվամբ, հիմք դնելով հռչակավոր Կեչառիս վանական համալիրին: 1051թվին կառուցում է երկրորդ մեծագործ եկեղեցին՝ Ս. Նշանը:

Ծաղկունյաց գավառը տնտեսկան և մշակութային նոր վերելք սկսեց ապրել 13-14-րդ դարերում՝ Զաքարյանների իշխանության օրոք: Փառաշուք Ծաղկոցաձորին այդ դարերում տիրել են Խաղբակյանը, այնուհետև Պռոշյան իշխանական տոհմերը: Վասակ Խաղբակյանը 1203-14թթ.-ին Կեչառիսում կատարում է մեծածավալ նորոգումներ՝ Ս. Նշան եկեղեցու կողքին կառուցելով տաճարակերտ Ս. Կաթողիկեն: Վեցիկ ճարտարապետի ձեռքով կառուցած այս հոյակերտ եկեղեցին իր նրբաճաշակ հարդարանքներով Կեչառիսի վանքի եկեղեցիներից ամենաշքեղն է : Այս շրջանում կառուցվում է նաև Ս. Հարություն պայծառաշեն եկեղեցին: 1828 թվի ավերիչ երկրաշարժի ժամանակ փլվեցին Կեչառիսի վանքի բոլոր գմբեթները, սակայն երկու տարի անց այն նորոգվեց և ստացավ իր վաղեմի գեղեցկաշեն շուքը: 1967թ. քաղաքում կառուցվեց ԽՍՀՄ գլխավոր մարզաբազան՝ մեծ ճանաչում ու ակնածանք սփռելով աշխարհի գրեթե ողջ մարզաշխարհում:

Հայաստանում անկախության հռչակումից հետո Ծաղկաձորը դարձել է բարեկարգ ու գեղեցկաճեմ հրապարակներով, սիգաքայլ ու բարեգեղ փողոցներով, ժամանակակից հանգստավետ հյուրանոցներով, բազմահարմար հանգստյան տներով և հինգ կայաններով գերժամանակակից ճոպանուղով ամառային ու ձմեռային վայեյքի քաղաք: Կառուցվել են նաև լեռնադահուկային ու 30 կմ երկարությամբ արհեստավարժ սահուղիներ: Կեչառիսի վանական համալիրն էլ 2001թվին հիմնովին վերանորոգվել է, որը դարձել Հայ Առաքելական եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդարանը: Քաղաքում է բացվել հայ ժողովրդի տաղանդավոր զավակներ ծաղկաձորցիներ Օրբելի եղբայրների տուն-թանգարանը, ուր փոխադրվել են նրանց գործունեության հետ առնչվող մեծ թվով ցուցանմուշներ Մոսկվայից, Սանկտ Պետերբուրգից և Երևանից: 2013թվին Ծաղկաձորն արժանացավ ,,Տարվա բոլոր եղանակներին լավագոըյն պայմաններ ապահովելու, տուրիզմի զարգացումը խթանելու,, հանրապետական մրցանակին:

3D  Կեչառիսի վանքային համալիր