Խոր վիրապ

     Հայաստանի Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղի մերձակայքում (այժմ  Լուսառատ գյուղից հարավ-արևմուտք)՝ պատմական Արտաշատի սրբազան բլրի վրա է վեհորեն բազմած Խոր Վիրապ վանք-անառիկ ամրոցը՝ թիկունքում գեղադիր ձյունափառ Մասիսը: Հանրահայտ սրբավայր-ուխտատեղի Խոր Վիրապն իր ծննդյան վկայականը ստացել է  7-րդ դարում: Ճարտարապետական այս հոյաշեն հուշարձանը պատմական Մեծ Հայքի Այրարատ նահանգից ի սփյուռ ամենի հայտնի դարձավ Գրիգոր Լուսավորչի հետ առնչվող դժնդակ պատմությամբ:

     Վիրապը թունավոր զեռուններով առլեցուն անագորույն մի փոս էր, ուր  խստագույն վճռով գցում էին հանցապարտներին: Եվ ահա Տրդատ 3-րդ Մեծը քրիստոնեության հպատակների հալածանքների շրջանում, ըստ պատմիչ Ագաթանգեղոսի և այլազան աղբյուրների, Գրիգոր Լուսավորչին հեթանոս աստվածներին չհնազանդվելու համար նետել է Արտաշատի արքունական զնդանի գուբը, որտեղ Լուսավորիչը դժնի կտտանքներին հավատքով դիմացել է շուրջ 14 տարի: Խոր Վիրապից ձերբազատվելով և ստանալով արքայի անմիջական աջակցությունը՝ Լուսավորիչը արքունիքի հոգածությամբ Հայաստանում  301թվին  առաջինն  աշխարհում  քրիստոնեությունը հռչակում է   որպես պետական կրոն,  ու հայի դավանանքն առաջին հայոց կաթողիկոսի անվամբ էլ կոչվում է լուսավորչական:

     Մոտ 642 թվին Ներսես Գ կաթողիկոսի ձեռամբ սրբասուրբ վիրապի վրա կանգնեցվել է մի մատուռ, որը, 10-րդ դարի արաբ պատմիչ Ալ-Մուկադդասիի նկարագրմամբ, սպիտակ կրաքարից, ներսում 8 սյուներով բոլորաձև կենտրոնակազմ կցակառույց էր՝ Զվարթնոց անկրկնելի կոթողի համանմանությամբ: Հետագայում, ինչպես հայ ժողովրդի տատասկոտ ճանապարհով պատմությանն է բնորոշ, շինությունը մասնակիորեն վնասվում է արտաքին ուժերի պաշարումներից: Սակայն 1662-ին այդ ավերակների տեղում թաղածածկ մատուռ է կառուցվում, որը կանգուն է մինչև օրս: Մատուռի Ավագ խորանից աջ գտնվող մտոցն ուղղաձիգ աստիճաններով վարընթաց տանում է նեքնահարկ, ուր 4,4մ տրամագծով և 6մ խորությամբ գմբեթանման գոգավոր ծածկով վիրապն է: Հիշյալ համալիրից պահպանվել է  կիսավեր բուրգավոր պարիսպը, որի պատերի երկայնքով տեղադրված են խուցեր, սեղանատուն և օժանդակ կառույցներ: Պարսպից ներս՝ կենտրոնում, Ս. Աստվածածին գլխավոր վեհաշուք եկեղեցին է՝ արևմուտքից իր բոլորահունչ զանգակատնով:

     13-րդ դարից ի վեր Խոր Վիրապը պատմական կենսագրությունում հիշատակվում է նաև որպես կրթության ու գիտության կենտրոն: Հիշարժան է 1255 թվին վանքում Վարդան Արևելացու հիմնած բարձրագույն դպրատունը, որի սաներից են եղել Եսայի Նշեցին, Հովհաննես Երզնկացին, Ներսես Մշեցին և այլք: 1669 թվին 14-րդ դարի մատուռի փոխարեն հողահանված վիրապի վրա սկսվեց կառուցվել Ս. Աստվածածին եկեղեցին՝ կրաքարե սալերով, արձանագրություններով ու բարձրաքանդակներով: 1703 թվին հիմնովին վերակառուցվեց կենտրոնոկան Ս. Աստվածածին եկեղեցին, իսկ 19-րդ դարավերջին՝ եկեղեցուն առընթեր սյունազարդ զանգակատունը: 1970-80-ական թթ. Վազգեն Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի նախաձեռնությամբ  այսօրեական վերջնատեսքի են բերվել վանքի պարիսպներն ու այլ  շինություններ:

3D Խոր Վիրապ