Նորատուս

      ՀՀ Գեղարքունիքի մարզում՝ Գավառագետի աջ ափին՝ Գավառից հինգ կմ հյուսիս-արևելք է բրոնզի և երկաթի դարերով թվագրված բազմաթիվ հուշարձաններով հնագույն բնակավայր Նորատուսը (Նորադուս): Այժմյան գյուղը հիմնադրվել է 1829թվին և գտնվում է ծովի մակերևույթից 1934մ բարձրության վրա: Նորատուսը հանրությանը հայտնի է անթիվ տարակերտ խաչքարերով, ինչի համար էլ ստացել է խաչքարերի անտառ դիպուկ անվանումը: Խաչքարը քարարվեստի ուրույն, զուտ հայկական դրսևորումն է թե՜ ձևով և թե՜ բովանդակությամբ: Այս յուրահատուկ բացօթյա թանգարանում խաչքարային արվեստի գործերի եզակի հավաքածուն խորհրդավոր տպավորություն է թողնում Հայաստանի մասին: Կարծիք կա, որ Գեղամ նահապետի կառուցած միջնադարի երբեմնի գյուղաքաղաք Գեղարքունիքի բերդ-ավանը նա կոչել է Նորատունսե (Նոր տներ):

Պահպանված միջնադարյան կառույցները թվագրվում են 9-17-րդ դարերով: Հանգուցյալների հոգիների փրկության համար որպես տապանաքար ծառայած անհամար խաչքարերով Նորատուսի գերեզմանատունը նշանավոր է ու հանրահայտ: Պահպանվել են հնավանդ կոթողներ և հուշասյուների բեկորներ, վաղ շրջանի խաչքարեր: Մեծամասնություն են կազմում 13-17դդ. խաչքարերը, որոնց զգալի մասը խմբավորված են՝ կազմելով այս կամ այն ընտանիքի գերեզմանատունը: Հանդիպում են նաև փոքրիկ, հատակագծում ուղղանկյուն դամբարաններ, որոնց վրա դրված են խաչքարեր: Գյուղամիջում ցրված խաչքարերից հնագույնը նվիրված է կամրջի կառուցմանը և թվագրված է 1211թվով: Նորադուսում գործել են մի շարք տաղանդաշատ քարգործ վարպետներ, կազմողներ՝ Մելիքսեթ կազմողը, Ներսեսը, Քիրամը և ուրիշներ:

Այժմ՝ Ջուղայի խաչքարերի ոչնչացումից հետո, Նորատուսի խաչքարադաշտը այդ զուտ հայկական արվեստի ամենամեծ համալիրն է: Նորատուսի առնչությամբ հյուսված ավանդազրույցներից մեկը նկարագրում է թշնամու ներխուժումը Գեղարքունիք և նրանց կռիվը Գեղամ իշխանի դեմ; Ունենալով սակավաթիվ զիվորներ՝ հայերը հնարամտորեն զինվորական համազգեստ են հագցնում խաչքարերի վրա՝ հեռվից ստեղծելով մեծաքանակ ու հզոր բանակի պատրանք: Թշնամին սարսափահար փախուստի է դիմում, իսկ Գեղամն էլ իր խմբով հակահարձակվում է ու ջախջախում ոսոխին: Նորատուս գյուղի կենտրոնում է Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը 9-րդ դարավերջին կառուցել է Սահակ իշխանը, իսկ հյուսիս-արևելքում՝ Սբ. Գրիգոր Լուսավորիչը, որը հավանաբար 9-10-րդ դդ. կառույց է: Նորատուսի մոտ՝ Շոռ-Գյոլ կոչված վայրում բացված բրոնզի ու երկաթի դդ. դամբարաններից հայտնաբերվել են բրոնզե գոտի, նետասլաքներ, ապարանջաններ, ուլունքներ, երկաթե դաշույն, կավամաններ և այլ առարկաններ: Չնայած օտարերկրյա ոչ քրիստոնյա զավթիչներ դարեր ի վեր միշտ էլ փորձել են ոչնչացնել հայկական արժեքները, համաշխարհային քաղաքակրթության հետքերը մեր հայարմատ հողից, սակայն խաչքարեր կերտելու ավանդույթը երբեք չի մոռացվել և մինչև այսօր էլ մեր հայարվեստի անքակտելի բաժնեմասն են կազմում:

3D  Նորատուս