Նորավանք

     Հայաստանի Վայոց ձորի Ամաղու գյուղից 3 կմ արևելք՝ խոհրդասույզ կիրճի հյուսիսակողմի դժվարամատույց դարավանդի վրա է 13-14-րդ դդ. հայկական մեծագործ  ճարտարապետության երկնակերտ կառույց Նորավանք նշանավոր վանական համալիրը, որը վաղ միջնադարից իր բուժիչ աղբյուրներով հայտնի սրբավայր է: Նորավանքը 1205թվին կառուցվել է Հովհաննես եպիսկոպոսի կողմից: Այն միջնադարի սկզբին  եղել է Սյունիքի հոգևոր կենտրոնը՝ Սյունյաց Մետրոպոլիտների նստավայրը,  Օրբելյան տան տոհմական տապանատունը: Այստեղ 13-րդ դարի երկրորդ կեսին ստեղծագործել են  ճարտարապետ Սիրանեսը, իսկ 14-րդ դարի առաջին կեսին՝ համբավավոր մանրանկարիչ, քանդակագործ ու ճարտարապետ Մոմիկը: Պատմական տեղեկություններ կան 11-12-րդ դդ. այստեղ եղած, սակայն չպահպանված Ս. Կարապետ և Ս. Փակոս եկեղեցիների մասին: Համալիրի պարսպապատ տարածքում են 1216-23-ին իշխան Լիպարիտ Օրբելյանի կառուցած Ս. Կարապետ մեծահռչակ  գլխավոր եկեղեցին / գմբեթը կործանվել է 1840-ի երկրաշարժից /,  լայնատարած գավիթը, Սմբատ իշխանի դամբարանը:

     Գլխավոր հուշարձանախմբից քիչ այն կողմ Բուրթել իշխանի երկհարկ դամբարան-եկեղեցին է: Նախնական շենքից պահպանվել են պատերի ներքևի մասերը, որոնց վրա կան 1232 և 1256-ի արձանագրություններ: Գավիթը 1261-ին Սմբատ Օրբելյանի նախաձեռնությամբ վերակառուցել է Սիրանես ճարտարապետը: Հետագայում՝ 1321-ին, երկրաշարժից կառույցը կրկին վնասվել է: Ամենայն հավանականությամբ վերակառուցման աշխատանքների իրականացմանը մասնակցել է Մոմիկը, ով նոր էր ավարտել Արենիի եկեղեցին: Կառույցի ուղղանկյուն հատակագծով կիսագետնափոր առաջին հարկի դամբարանի վրա բարձրանում է երկրորդ հարկի խաչաձև աղոթարանը, դեպի ուր տանում են հիանալի մշակված, պատի մեջ ագուցված պահունակային աստիճանները: Հատկապես ուշագրավ են հուշարձանների՝ աստվածաշնչյան ու ավետարանական թեմաներով պատկերաքանդակները:

     Դռան վերևում քանդակված է Ատվածածինը՝ ձախ ծնկին նստած մանուկ Հիսուսով, նրանից ձախ լուսապսակով Հովհաննես Մկրտչի գլուխն է, իսկ աջում՝ Եսայի մարգարեն: Համալիրը շրջափակող պարիսպը 17-18-րդ դդ. գործ է: Տարածքում կան վարպետորեն կերտված բազմաթիվ խորախորհուրդ աստվածագեղ խաչքարեր, որոնց մեջ գեղարվեստական բարձր արժանիքներով առանձնանում են Մոմիկի խաչքարերը: Նորավանքում է կանգնեցված մոմիկի հիշատակը հավերժացնող խաչքարը: 1948-49 թթ.-ին վերականգնվել են Նորավանքի երկհարկ դամբարան-եկեղեցու ծածկերը և պատերի վերին հատվածները: 19996 թվին ՅՈՒՆԵՍԿՕ-ն Նորավանքը՝ որպես համաշխարհային բարձրարվեստ մշակութային գլուխգործոց, գրանցում է իր հովանու հուշամատյանում: 1999 թվին հիմնավորապես ավարտվեցին  ,,Նորավանք,, վանական համալիրի Ս. Կարապետ եկեղեցու, իր կամարակապ սրահով  Ս. Գրիգոր մատուռի  և Ս. Աստվածածին  եկեղեցու վերականգնման ու կառուցապատման աստվածահաճո աշխատանքները:

3D  Նորավանք