Օձուն

    ՀՀ Լոռու մարզի Թումանյանի շրջանում պատմական Գուգարաց աշխարհի Տաշիր գավառի հնագույն բնակավայրերից մեկը՝ Օձուն գյուղը՝ Հովհան Օձնեցի կաթողիկոսի ծննդավայրը, բազմել է Դեբեդի հովտի ձախափնյա բարձրադիր սարահարթի վրա՝ պարուրված զմրուխտաշատ այգիներով: Գյուղի շրջակա տարածքը հարուստ է պատմաճարտարապետական կոթողներով, ամենուր հառնող տարբեր դարաշրջաններին առնչվող հուշարձաններով՝ եկեղեցիներ, վանական համալիրներ, մատուռներ, մահարձաններ, խաչքարեր, ժայռափոր անձավներ, հին բնակատեղիներ, ժողովրդական ճարտարվեստի նմուշներ, որոնց մեջ առանձնանում է հայ միջնադարյան ճարտարապետության գլուխգործոցներից մեկը՝ Օձունի ներկայիս գործող Սուրբ Աստվածածին հոյակերտ գմբեթավոր բազիլիկ եկեղեցին, որը վեր է խոյանում գյուղի կենտրոնում և իր դիրքով իշխում շրջակայքի վրա: Եկեղեցին անվանվել է նաև Սբ. Նշան, Սբ. Հովհաննես, Խաչգոնդ, Խաչգունդ. վերջինս կապված է եկեղեցու բակում թաղված Խաչգունդ քահանայի անվան հետ, որի հիշատակին էլ 1291թ. կանգնեցրել են արձանագրությամբ քանդակազարդ խաչքար:

Եկեղեցու կիսաշրջանաձև խորանին առընթեր երկհարկ ավանդատներով արտաքին սրահն է, իսկ աղոթասրահն ուղղանկյուն դահլիճ է՝ երկշար մույթերով բաժանված երեք նավերի: Եկեղեցին վաղմիջնադարյան եզակի կառույցներից է, որտեղ համեմատաբար ամբողջականորեն է պահպանվել արտաքին սրահը, որի շնորհիվ մեծացել է եկեղեցու ընգհանուր ծավալը, որը կառուցվել է բազալտի և բաց շագանակագույն ֆելզիտի սրբատաշ քարերով: Օձունի այս հոյատեսիլ ուխտատեղիի արևելյան ճակատային հարթությունից քիչ վեր 19-րդ դ. կառուցել են երկու համաչափ զանգաշտարակներ: Օձնեցի շինարար-վարպետ Նալբանդ Սերգոյի կերտած ճարտարվեստ աշտարակները, լինելով ուշ շրջանի հավելումներ, չեն խաթարում տաճարի տեսքն ու համամասնությունը: Տաճարի ճակատին և պատուհանների շրջանակներին կան բարձրաքահդակներ. Հատկապես հետաքրքիր է հրեշտակի կերպարը: Եկեղեցին ժամանակ առ ժամանակ նորոգվել է, ինչի մասին հիշատակություններ են պահպանվել բակի տապանաքարերի վրա:

Ծիրանավոր (Ծաղկեվանք 5-7-րդ դդ.) եկեղեցին և Հոռոմայրի վանական համալիրը (18-րդ դ.) նույնպես ուշագրավ ճարտարապետության յուրատեսակ կառույցներ են: Ըստ ավանդության՝ Թովմա առաքյալը Ք.հ. 1-ն դարում, գալով Օձուն, եկեղեցու վայրում օծել է քահանաների և եպիսկոպոսների, որի համար էլ, ասում են, առաջացել է ,,Օձուն,, բառը: Քարայրներից հայտնաբերվել են բազմաթիվ հիշատակարաններ: Խորհրդային տարիներին Օձունում հուշարձանների նորոգման ու բարեկարգման աշխատանքներ մի քանի անգամ են իրականացվել, իսկ վերջին անգամ Հայաստանի ամենամեծ գյուղի պատմամշակութային արժեքներն համակ ուշադրության են արժանացել և բարեկարգվել 2013թվին:

3D Օձունի եկեղեցի