Օշական

     Արագածոտնի մարզում նախկինում Հուշական, Ուշական, Ուշագան, Օշագան անուններով հայտնի ներկայիս Օշական գյուղը Արշակունիների սեփականությունն էր արքայական ոստանում: Ըստ ավանդության՝ Նոյ նահապետն ու իր ընտանիքը Մասիսի գագաթից իջնելուն պես տեսնում են ջրից ազատված Օշականը և բացականչում. <<Oշ ակա~ն, օշ ակա~ն>>, որ նշանակում է՝ երանի~ մեր աչքերին: Ըստ հայ պատմիչ Կորյունի՝ Օշականում գերեզմանատուն կար, ուր հուղարկավորում էին քրիստոնեական հավատի համար նահատակվածներին: Հազարապետ Վահան Ամատունի իշխանն ու զորավար Հմայակ Մամիկոնյանն իրենց ուսուցչի՝ Մեսրոպ Մաշտոցի աճյունը Էջմիածնից տեղափոխում են Օշական և ամփոփում այդտեղ: Նրա հիշատակը հարգելու համար Հովսեփ Ա Հողոցմեցի կաթողիկոսը հանձնարարում է Կորյունին՝ գրելու Մեսրոպ Մաշտոցի կյանքի և գործի մասին, ինչն էլ վերջինս պատվով է կատարում: Երեք տարի անց՝ 442-43թվերին, գերեզմանի վրա կառուցում են վեհաշեն մի եկեղեցի-դամբարան: 1875-79թթ. Գևորգ Դ կաթողիկոսը հին մատուռի վայրում նոր բազիլիկ եկեղեցի է կառուցում, որի խորանի տակ է գտնվում Մեսրոպ Մաշտոցի դամբարանը: Իսկ 1884 թվին եկեղեցու արևելյան կողմին կից կառուցվել է երկհարկ գլանաձև զանգակատունը, որի մուտքը խորանից է: <<Դիդի կոնդ>> բլրի առանձին հատվածներում բացվել են տարբեր դարաշրջանների հուշարձանախմբեր: Գյուղի շրջակայքում են գտնվում է Ք.ա. 7-5-րդ դարերում կառուցված բերդ-ամրոցի ավերակները: Պեղումների ժամանակ գտնվել են մեծ քանակությամբ խեցեղեն, քարե, ոսկրե գործիքներ, ագաթե ուլունքներ, զարդեր և 100-ից ավելի կուռքերի ու այլ մասունքների արձանների բեկորներ:

Օշականում այսօր կանգուն է 6-7 դդ. վաղմիջնադարյան ինքնատիպ մի կոթող, որն ավանդաբար համարվում է Մորիկ կայսեր կամ նրա մոր գերեզմանաքարը: Այս գյուղում և նրա շրջակայքում են նաև Թադևոս առաքյալ սբ. Գրիգոր, սբ. Սարգիս, վիմափոր սբ. Աստվածածին, Թուխմանուկ մատուռները: Արագածոտնը վաղ միջնադարում Ամատունիների նախարարական տան եպիսկոպոսների տեսչության տակ էր: Օշականն Ամատունի նախարարների կենտրոն է դարձել հայոց թագավոր Խոսրով Արշակունու օրոք (330-338թթ.): 336 թվին Մազքթաց Արշակունիների Մեծ Հայքի Արշակունյաց բանակների միջև տեղի է ունեցել Օշականի ճակատամարտը: Սասանյան Պարսկաստանի դրդմամբ կովկասյան վաչկատուն ցեղերից կազմված բանակով Մազքթաց արքա Սանեսանը, ցանկանալով նստել հայոց գահին, արշավում է Հայաստան և գրավում Մեծ Հայքի մայրաքաղաք Վաղարշապատը, սակայն խայտառակ պարտություն է կրում: Ավելի ուշ ևս մեկ ուրիշ ճակատամարտ էլ տեղի է ունեցել 1827թվի օգոստոսի 17-ին հայ-ռուսական և պարսկական զորքերի միջև, որն ավարտվել է հայ-ռուսական ուժերի հաղթանակով: Օշականը, այլևայլ փշոտ ճանապարհներ ճեղքելով, հասել է մեր օրերը, և 1979 թվից տարին մեկ անգամ հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը Մեսրոպ Մաշտոցի ուխտավայրում նշվում է թարգմանչաց տոնը, որի ընթացքում հիշատակվում է հայ թարգմանական արվեստը՝ սկսած Մեսրոպ Մաշտոցից մինչև մեր օրերը: Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու բակում՝ մշտախնամ այգու մեջ, հայոց այբուբենին նվիրված նրբակերտ խաչքարեր են:

3D  Օշական