Սաղմոսավանք

     Հայաստանի Արագածոտնի մարզի Սաղմոսավան գյուղում՝ Քասաղ գետի աջ ափի հրաշագեղ կիրճի եզրին է միջնադարյան նշանավոր մշակութային ու հոգևոր կրթական կենտրոն, գեղակերտ ու երկնասլաց վանական համալիր Սաղմոսավանքը: Ըստ ավանդության՝ 1620 մ բարձրության սարավույթ տեղանքում բարեշուք համալիրը հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը, երբ թողել է Ամենայն Հայոց Հայրապետական աթոռը: Սաղմոսավանքը, սակայն, պատմական աղբյուրներում հիշատակվում է 12-րդ դարի վերջին քառորդից սկսած, երբ Հովհաննես Մունջ վարդապետը, վերակառուցելով շինությունը, այն դարձրել է գրչության կենտրոն: Համալիրի գլխավոր եկեղեցին՝ Ս. Սիոնը /Կաթողիկե/, կառուցվել է 1215թվին Արագածոտնի իշխանաց իշխան, Այրարատյան կողմնակալության կողմնակալ Վաչե Վաչուտյանի և իր կնոջ՝ Մամախաթունի միջոցներով ու հովանավորությամբ:

     Եկեղեցին գմբեթավոր է, արտաքինից՝ ուղղանկյուն հատակագծով, ներսից՝ խաչաձև, անկյուններում՝ կրկնահարկ խորաններով: Սրբատաշ տուֆից կառուցված տաճարը լուսավորում են թմբուկի ու ճակատների 16 մեծ ու փոքր պատուհանները: 1235թվին Վաչե իշխանի որդի Քուրդ իշխանը Ս. Սիոն եկեղեցու հարավային մասում կառուցում է Ս. Աստվածածին փոքրիկ եկեղեցին, իսկ 1255թվին իր կնոջ՝ Խորիշանի հետ՝ գրատունը, որը հուշարձանախմբին կից է հարավից: Գրատունն ունեցել է հարուստ մատենադարան, որտեղ Սաղմոսավանքի համար ամենաբեղուն ժամանակաշրջան համարվող 13-րդ դարի վերջին պահվել է մոտ 120 ձեռագիր: Սաղմոսավանքը տարատեսակ վայրիվերումներից հետո անշքանում է 18-րդ դարի երկրորդ կեսից և կիսավեր վիճակում հասնում մեր ժամանակները: 1890թվին այստեղ նորոգումներ է կատարել Խրիմյան Հայրիկը: Այժմ վանքը լիովին նորոգված է:

3D  Սաղմոսավանք