Ս. Գայանե եկեղեցի

     Հայ առաքելական մեծավոր սրբավայրերից մեկը՝ հայկական ճարտարապետության առաջին ծաղկման շրջանի պատմական հրաշագործ հուշարձան՝ գմբեթավոր բազիլիկ որակի եկեղեցի Ս. Գայանեն Էջմիածին քաղաքի տեսարժան վայրերից է: Դեկորատիվ առանձնահատուկ տարրերից զուրկ այս նրբակերտ շինությունը  630թ.-ին տեղում եղած մատուռի փոխարեն Ս. Գայանե կույսի գերեզմանի վրա կառուցվել է Եզր կաթողիկոսի օրոք: Եկեղեցին ունի իրար դիմաց բացվող ասպնջական երեք դուռ: Հարավային ավանդատան միջից  ավագ սեղանի տակ տեղավորված դեպի տապանատուն բացվող   մեկ այլ դուռ էլ Ս. Գայանեի գերեզմանին է ուղեկցում:

     1652թվին Փիլիփոս կաթողիկոսի օրոք եկեղեցին հիմնովին նորոգվել է, սակայն շատ չանցած՝ 1679թվին, Արարատյան դաշտավայրի հզոր երկրաշարժից զգալիորեն տուժում է նաև Ս. Գայանեի վկայարանը: Այդ թվերի կաթողիկոս Եղիազար Այնթափցին ձեռնամուխ է լինում այս տաճարի վերակառուցման աստվածահաճո աշխատանքներին: Այդ առնչությամբ մեզ հասած արձանագրության մեջ հիշատակվում է, որ գործընթացի ժամանակ վանքը շրջապատվել է միաբանական խցերով, ավելացվել են խորաններ Ս. Պողոս և Ս. Պետրոս առաքյալների անուններով, որոնք զետեղված են եռակամար գավիթ-սրահի ներքո, ինչն էլ հետագայում դառնում է կաթողիկոսական դամբարան: Տարիներ անց՝ 1764թվին, Սիմեոն Երևանցի հայրապետը վանքի տարածքում կառուցում է հսկայական սառցատուն, տարողունակ մառան կամ, ինչպես այն ժամանակ էին ասում, ,,մաղազա,,՝ վանքի պարենն ու մթերքները երկարատև պահելու համար: Իսկ 1847թվին Ներսես Աշտարակեցի կաթողիկոսը վանքի արևելյան պարսպին առընթեր մի ստվարածավալ գոմ է կառուցում, որը մեր օրեր է հասել կիսավեր վիճակում:

     Գրեթե նույն ժամանակահատվածում Ս. Գայանեի վանահայր Վահան եպիսկոպոս Բաստամյանցը վերանորոգում է վանքը՝ կառուցելով արևմտյան կամարակապ դարպասը, նրա երկու կողմերում առկա շենքերը, որոնցից մեկը ծառայում է որպես կրթօջախ, որտեղ էլ ինքը երկար տարիներ դասավանդել է: 1959թվին Վազգեն Վեհափառի կարգադրությամբ բարեկարգվում է եկեղեցու տարածքը, ինչպես նաև կառուցվում է մատաղատուն և աղբյուր: Պետք է նշել, որ Ս. Գայանեի առջևի կամարակապ գավիթ-սրահում են ամփոփված շատ հայրապետերի աճյուններ, իսկ վանքին հարակից գերեզմանատանն են հանգչում Րաֆֆու ,,Խենթի,, հերոս զորահրամանատար Դանիել Բեկ-Փիրումյանը, հոգևոր երգչուհի Լուսինե Զաքարյանը, Խ. Աբովյանի որդին՝ Վարդան Աբովյանը, Վազգեն Վեհափառի մայրը՝ տիկին Սիրանույշը, և նշանավոր շատ այլ մարդիկ:

3D  Սուրբ Գայանե եկեղեցի