Սանահինի վանք

    Հայաստանի Լոռու մարզի համանուն գյուղում՝ Ալավերդու շրջագծում է Սանահինի վանական վեհատեսիլ ու գեղահրաշ հաստատությունը, որը 996թվին հիմնել է հայոց թագավոր Աշոտ Գ Ողորմածը: Այն դարձել է Կյուրիկյանների վարչական անփոխարինելի կենտրոնը և տոհմական դամբարանը, ինչպես նաև Կյուրիկյան թագավորության եկեղեցական թեմի առաջնորդ-եպիսկոպոսի աթոռանիստը և միաժամանակ եղել է մշակութային հանրաճանաչ կենտրոն, ունեցել բարձրագույն դպրոց՝ իր հարստագույն գրադարանով: 12-րդ դարավերջին Տաշիր գավառի կազմում Սանահինը դարձել է Զաքարյանների սեփականությունը և տոհմական հանգստարանը: Սանահինի համալիրի կազմում են 928-944թթ.-ին կառուցված Ս. Աստվածածին և 957-966թթ. Ողորմածի կնոջ կողմից հիմնադրված Ս. Ամենափրկիչ եկեղեցիները, երեք գավիթ, գրատունը, զանգակատունը, ակադեմիան, Ս. Գրիգոր փոքրաչափ եկեղեցի-մատուռը: Հայ միջնադարյան քանդակագործությանը լավագույնս բնորոշ արժեքավոր օրինակ է արևելյան ճակտոնապատի վերին մասի կտիտորական կոմպոզիցիան, ուր դեմ առ դեմ կանգնած Գուրգեն և նրա եղբայր Անիի Սմբատ Տիեզերական թագավորները պահում են տաճարի մանրակերտը: Հայկական միջնադարյան աշխարհիկ շինությունների բացառիկ նմուշ է վանքի ակադեմիան՝ Մագիստրոսի ճեմարանը, որը հիմնադրվել է 10-րդ դարում: Հորինվածքային տարբեր ուրույն լուծումներ ունեն Սանահինի վանքի գավիթները: Դեկորատիվ հարդարանքով հատկապես աչքի է զարնում արևմտյան ճակատը: Միջնադարի ինժեներական լավագույն լուծումներով կառույցներից է Սանահինի կամուրջը, որը կառուցել է տվել Վանենի թագուհին: Միջնադարյան Հայաստանի առավել հայտնի ու  նշանավոր ուսումնադաստիարակչական և գրչության կենտրոններից է եղել Սանահինի համալսարանը, որին կից էլ գործել է ձեռագրատուն-մատենադարանը: Այստեղ բացվել են հռետորական, փիլիսոփայական, երաժշտական, բժշկական վարժարանները, դասավանդվել են ,,յոթ ազատ արվեստներ,, և տոմար ու այլ գիտություններ: Սանահինի վանքի տարածքում պահպանվել է ավելի քան 50 խաչքար:  2001թվին Սանահինի վանական համալիրն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակույթի ,,Արժեքների ցանկում,,:

3D Սանահինի վանք