Սևանա լիճ

     ,,Սևանը կարծես կապույտ երկնքի մի կտոր լինի, որն իջել է երկրի վրա՝ լեռների միջև… ,,

Մաքսիմ Գորկի

     Հայաստանի Արարատյան դաշտից հյուսիս-արևելք՝ Գեղարքունիքի մարզում, տարածվում է ,,Ծովազարդ գավառ,, բանաստեղծական որակմամբ Սևանի ավազանը, որի գրկում հեքիաթային գեղեցկությամբ դարերի ծիրից իր հմայքն է սփռում Սևանա փառահեղ լիճը՝ հայ ժողովրդի բազմադարյան պատմէջերի բոլոր անցքերի համր վկան: Հնում հայտնի է եղել Գեղամա ծով, Գեղարքունյաց ծով կամ Լիխինիտիս ծով անուններով: Սևանա լիճն իր մեծությամբ աշխարհի երկրորդ բարձրադիր անուշահամ լիճն է /առաջինը Տիտիկական է, որը գտնվում է Հարավային Ամերիկայում՝ Պերու և Բոլիվիա պետությունների սահմանում /: Սևանը բոլորող վերձիգ բարձրադիր լեռներն առաջացնում են մի հսկա եռանկյունի, որի հյուսիսարևելյան կողմը պարփակում են Արեգունու և Սևանի լեռնաշղթաները, որոնք Մասրիկի դաշտով բաժանվում են Վարդենիսի լեռնաշղթայից: Լճի օղակը եզրափակում է Փամբակի լեռնաշղթայի վերջին ճյուղավորությունը, որի և Գեղամա լեռների միջև ընկած է Հրազդանի գետահովիտը:

     Հնում տեղացիների մոտ ,,Վանքի գյոլ,, անվամբ Սևանա լիճը զբաղեցնում է 1250 քառ. կմ տարածություն: Լիճը Նորադուսի և Արտանիշի հրվանդաններով բաժանվում է Մեծ և Փոքր Սևանների, որոնց խորությունը համապատասխանաբար 50 և 100 մ է: Սևանա լճի մեջ թափվում են 28 մեծ ու փոքր գետեր՝ Գավառագետը, Արգիճին, Մասրիկը, Ձկնագետը և այլն, իսկ լճից սկիզբ է առնում միայն Հրազդան գետը: 1830թվին Սևանի գավառում բնակություն են հաստատում Արևմտյան Հայաստանից ներգաղթածները, գերազանցապես Հին Բայազետի, Դիադինի, Մակուի և Ալաշկերտի հովտից եկածները: 1924թվից Ռուսատանի Լադոգա և Չադ լճերից Սևան է բերվել ,,սիգ,, ձկնատեսակը, իսկ իր ջրերում 25-հազարամյա կենսագրություն ունեն իշխանն իր չորս տարատեսակներով՝ գեղարքունի, ամառային և ձմեռային բախտակ, բոջակ, ինչպես նաև կողակ և բեղլու ձկները: Սևանա լիճը նախկինում ունեցել է մեկ կղզի, ինչն անհիշելի ժամանակներից սրբատեղի է եղել.  ջրի մակարդակի իջեցման հետևանքով հետագայում այն դարձել է թերակղզի, որտեղ էլ հիմնադրվել է Սևանավանքը: Սևանա թերակղզու վրա մինչև մեր օրերը կանգուն են երկու պատմական եկեղեցիներ՝ Ս.Առաքելոցը և Ս. Կարապետը, որոնց հիմնադրումը կապում են Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակելու ժամանակահատվածին: Սքանչելի համայնապատկեր ունի Սևանը հատկապես Ծովագյուղի բարձունքից:

3D  Սևանա լիճ