Սևանի վանք

     Հայաստանի Գեղարքունիքի մարզում՝ Սևանի այժմյան թերակղզում է խոյանում երկնակերտ Սևանավանքը: Վաղեմի հեթանոսական ժամանակներում Սևանի կղզում մեհյան-բագին է եղել, որը կործանել և նրա տեղում Ս. Հարություն փայտաշեն մատուռ է հիմնադրել Ս. Գրիգոր Լուսավորիչը: Պատմական աղբյուրները և վաղքրիստոնեական ավանդույթները վկայում են, որ նա հայոց Տրդատ արքայի պատվին կառուցել է տալիս նաև Ս. Հովհաննես Կարապետ մատուռը, որի հիման վրա էլ հետագայում կառուցվել է Ս. Հովհաննես Կարապետ եկեղեցին: Սևանավանքի հոգևոր կյանքի իսկական վերածննունդը համարվում է 9-րդ դարը, որը կապվում է Աշոտ Ա. Բագրատունու դուստր, Սյունյաց Վասակ Գաբուռն իշխանի այրի Մարիամի և Ամենայն Հայոց կաթողիկոս Մաշտոց վարդապետ Եղիվարդեցու անունների հետ: Ստեփանոս Օրբելյանի վկայությամբ՝ Մաշտոցը Սևանի ափին ճգնելու ընթացքում տեսիլք է տեսնում. նրան հրամայվում է կղզում եկեղեցի կառուցել տասներկու առաքյալների անունով և միաբանություն հաստատել:

     Նման աստվածային մղումից դրդված՝ այստեղ է գալիս նաև Սյունյաց իշխանուհի Մարիամը, ով ամուսնու մահից հետո խոստացել էր քառասուն եկեղեցի կառուցել: Եվ ահա մինչև օրս կանգուն են նրանց կառուցած պատմական Ս. Առաքելոց փոքր և Ս. Կարապետ եկեղեցիները, որոնց կառուցելուց հետո դեպի վանք ուխտի է գալիս հայոց իշխանանց իշխան Աշոտը և բազում նվերներ է տալիս, այդ թվում  և Խաչի փրկական նշանը, որը ժողովրդի մեջ հայտնի է ,,Սևանի Ս. Նշան,, անվանումով: Սուրբ Նշանը պատրաստված էր այն կոնքից, որի մեջ Տիրամայրը լողացրել էր մանուկ Հիսուսին: Համալիրի երկրորդ հուշարձանը Ս. Աստվածածին եկեղեցին է, որը Առաքելոց եկեղեցուց մի քանի մետրի վրա է: Սևանավանքի համալիրը դառնում է առաջնորդարան և ուսումնասեր մարդկանց համար վարժարան: Այն Հայոց աշխարհի կարևոր անապատական, հոգևոր-մշակութային և ուսումնական կենտրոններից մեկն էր: Սևանավանքում է ապրել ու արարել 10-րդ դարի պատմիչ և կաթողիկոս Հովհաննես Դրասխանակերտցին:

     Վանքում է ապաստանել Աշոտ Բ թագավորը /Աշոտ Երկաթը/, ով 924-25թթ. Սևանի հաղթական ճակատամարտից հետո վերահաստատեց Բագրատունյաց թագավորությունը: Բազմաթիվ արյունարբու հրոսակների ասպատակություններից թալանված ու ավերված Սևանի վանքի վերականգնումը սկսվել է Մայր աթոռ Ս. Էջմիածնում հայրապետական աթոռը 1441թ, վերահաստատելուց հետո: Խորհրդային տարիներին վանքը փակվել է ու մասամբ ավերվել: 1936թվի երկրաշարժից էլ բավականին վնասվել է բազմաչարչար վանքը, և նրա՝ փյունիկյան մոխիրներից հառնող վերածնունդն սկսվել է միայն 1990-ական թթ,-ից, ու այժմ էլ Սևանավանքը վերակառուցման ընթացքում է: Այն Հայաստանի պատմամշակութային պայծառակերտ վայրերից է, ուր ուխտի են գալիս աշխարհասփյուռ բյուր հայազգիներ և հյուրեր:

3D  Սևանավանք