Տաթևի վանք

                             Հայաստանի Սյունիքի մարզի Տաթև գյուղում է 4-րդ դարի ծնունդ, հոգևոր-մշակութային կենտրոն, վանական վաղեմի կալվածատիրական հաստատություն Տաթևի զարդաշուք ու փառահեղ վանքը, որն  իր  հրաշաճարտար մտքի թռիչքով և բարձրադիր վեհասլաց կեցվածքով ցայսօր էլ  մնում է անգերազանցելի: Հիմնադրվել է 4-րդ դարում, եղել դպրության առաջադաս բարձրակարգ կենտրոն, իսկ 8-րդ դարավերջից՝ Սյունյաց եպիսկոպոսյան աթոռանիստը:

     Տնտեսապես հզորանալով՝ Տաթևի եպիսկոպոսությունը 940-950-ական թթ. փորձել է անկախանալ, սակայն ի պատասխան Հակոբ եպիսկոպոսի անջատողական գործողությունների՝ Հայոց կաթողիկոս Անանիա Ա Մոկացին բանադրել է նրան: 1044թվին հարևան ամիրությունների զորքերն ավերել են Գրիգոր Լուսավորչի եկեղեցին, գործատներն ու կից կառույցները, որոնք շուտով վերականգնվել են, և 1087թվին համալիրի մերձակայքում կառուցվել է Ս. Աստվածածին երկհարկ դամբարան-եկեղեցին: Սակայն շատ չանցած՝ սելջուկ-թուրքերի ոտնակոխ արշավանքների և 1136թվի երկրաշարժի հետևանքով Տաթևի վանքը վերածվել է ավերակների:

     1170թվին Բաղաբերդը գրաված սելջուկյան թուրքերը կողոպտել են Տաթևի եպիսկոպոսարանի գանձերը, հրկիզել մոտ տասը հազար ձեռագիր: Միայն 12-րդ դարավերջին Ստեփանոս եպիսկոպոսի ջանքերով, այնուհետև՝ 1286-ին, եպիսկոպոսության ղեկավարությունն իրենց ձեռքը վերցրած  Օրբելյանների համառ ու տքնաջան աշխատանքների շնորհիվ վերականգնվել են վանքն ու նրա վաղեմի տնտեսական հզորությունը: 1295թվին վերստին նորոգվել է Գրիգոր Լուսավորչի եկեղեցին, և համալիրը կրկին դարձել է հայկական մշակույթի կենտրոններից: Ժամանակին գործել են Տաթևի մանրանկարչության դպրոցը, մատենադարանը և համալսարանը: Դառը ճակատագիրը, սակայն, դարեր շարունակ հանգիստ չի տալիս հոգևոր ու աշխարհիկ կենսակերպով արարող Տաթև վանքին. Լենկթեմուրի, Թեմուրյան գահակալ Շահռուխի՝ տարբեր տարիների Սյունիք կատարած առաթուր ոտնձգությունների ժամանակ վանքը կողոպտվել ու հրկիզվել է, կորցրել կալվածքների զգալի մասը:  Հետագա դարերում Տաթևի կենսագրության մեջ լուսավոր պահերը եղել են փոփոխական. վանքը դարձյալ բազմիցս ավերվել է ու նորոգվել և հասել մինչև մեր օրերը:

     Եվ ահա 2008թ. մայիսին պետություն-մասնավոր համագործակցության հիման վրա իրականացվում է ընդգրկուն բարեգործական վերածնունդ նախագիծը, ըստ որի՝ վերակառուցվում է միջնադարի հայկական վանքը և վերականգնվում նրա ակադեմիական ու հոգևոր ավանդույթների վերածնունդը, որի մեկնարկը եղավ 2010թ. հոկտեմբերի 16-ին՝ իր երկարությամբ / 5,7կմ / Գինեսի ռեկորդների գրքում ամրագրված Տաթևի վանք-Հալիձոր ճոպանուղու գործարկման օրը: ,,Տաթևի վերածնունդ,, նախագծի ավարտը նախատեսվում է 2017-ի աշնանը:

3D  Տաթևի վանք