Տիգրանակերտ

     Տիգրան Բ Մեծի թագավորության օրոք ( Ք.ա. 95-55) հելլենիստական աշխարհում ընդունված ավանդույթի համանմանությամբ Հայոց աշխարհում էլ քաղաքներ էին հիմնադրվում իշխող դինաստիաների ներկայացուցիչների անուններով: 7-րդ դարի հայ պատմիչներ Սեբեոսի և Մովսես Կաղանկատվացու կողմից առաջին անգամ հիշատակվող Մեծ Հայքի Արցախ նահանգում Ք.ա. 1-ին դարում կառուցված Տիգրանակերտը մեզ հայտնի 4 նույնանուն քաղաքներից մեկն է, որը փռվում էր լեռնաշխարհի 2-րդ խոշորագույն գետի՝ Խաչենի ներքնահովտում, որտեղով անցնում էր Սյունիքից Վրաստան ձգվող մեծ առևտրական ճանապարհը: 2005թ. ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հնէաբանության և ազգագրության ինստիտուտի Արցախի արշավախումբը՝ պատմական գիտությունների դոկտոր Համլետ Պետրոսյանի գլխավորությամբ, սկսեց քաղաքի և նրա մերձակա վայրերի պեղումները: Զօրուգիշերային տքնաջան աշխատանքների արդյունքում հայտնաբերվեցին հնամենի Տիգրանակերտի՝ միջնադարյան դասական քաղաքների օրինակով պատվարով ամրակայված թաղամասեր ու արվարձաններ: Սարալանջի հարթավայրային մասում տարածվել է եղել կենտրոնական թաղամասը, ինչը հաստատվում է միջնադարյան խեցեղենի և ապակու կտորտանքների գտածոներով:

Լանջի ստորոտում անցկացված են եղել ջրագծեր: Ապագա քաղաքի տեղանքի ընտրությանը մեծապես նպաստել է աղբյուրների առկայությունը, ինչի շնորհիվ դյուրությամբ լուծվել է ջրամատակարարման հիմնախնդիրը: Քաղաքի տարբեր ծայրերում տեղակայվել են գյուղատնտեսական ջրարբի և բարունակ հողատարածքներ, որոնց ոռոգումն ապահովվել է Խաչենագետից եկող ջրմուղով: Լեռան հարթավայրային մասում՝ աղբյուրներից հարավ, ընկած էր կենտրոնական թաղամասը, որի գոյության փաստը վավերացվում է զանազան շինությունների մնացորդներով, միջնադարյան կեռամիկայի և մշակված տարատեսակ ապակու բեկորներով: Քաղաքաշինության առաջադեմ ճարտարապետության հնարքներով ամբողջությամբ տեղի սպիտակ կրաքարից կառուցված փառահեղ Տիգրանակերտը թաղված է եղել զմրուխտապատ այգիների մեջ՝ շրջապատված հզոր ամրոցային պարիսպներով ու ժառափոր անցուղիներով: Քաղաքի կենտրոնական թաղամասում պեղված է 5-6-րդ դարերի քրիստոնեական բազիլիկ հոյաշեն եկեղեցի՝ կից բաց սյունասրահով, որը Հայաստանի համար այդ դարերում տարածված ոճ էր:

Եկեղեցու պեղումների ժամանակ հայտնաբերվել է խաչով պնակ՝ հայկական մակագրություններով: Ուշագրավ են նաև հայտնաբերված քրիստոնեական գերեզմանոցների շարքերը, նրբակերտ խաչերն ու տապանաքարերը: Պեղված մասունքների մեջ առանձնանում են 600 լիտր տարողությամբ օձապատկերով կարասը, գունագեղ խեցեղենի կատարյալ նմուշները, եղջերագավաթները, կնիքները, թալիսմանաքարերը, ջնարակապատ կարասներն ու խեցանոթները, որոնք թվագրված են Ք.ա. 1-ից Ք.հ. 1-ին դդ.: Սպիտակ վեհաշունչ քաղաքը ձգվել է լեռան լանջերով ընդհուպ մինչև դրա ստորոտը, որը գոյություն է ունեցել մինչև 14-րդ դարը: Պեղումների վայրի հարևանությամբ հայտնաբերվել է նաև ուշմիջնադարյան ամրոց՝ անկյուններում ամրացված բարձր աշտարակներով: Արևմտյան մամուլը ճերմակակերտ հայկական Տիգրանակերտի բացահայտումը համեմատել է Տրոյայի հայտնագործման հետ: Հսկայածավալ հնէաբանական աշխատանքներից հետո այստեղ բացվեց պետական միջոցներով առաջին թանգարանը՝ հաշվի առնելով դրա պատմամշակութային, հարևանների ստամտավորականների ,,փաստարկները,, ի տես և ի լուր աշխարհի դիմակազերծելու գերկարևորությունը: Իհարկե, Արցախի հայաոգի Տիգրանակերտը դեռ անթիվ-անհամար գաղտնիքներ ունի իր մեջ թաքցրած:

3D  Տիգրանակերտ