Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

    Հայաստանի քաղաքամայր Երևանում՝ Ծիծեռնակաբերդի վեհախորհուրդ բարձունքում վեր սրարշավող Մեծ եղեռնի հուշարձանը 20-րդ դարի առաջին ցեղասպանության աշխարհագոչ վկայությունն է: Այն իր մեջ պարփակում է ոչ միայն ապրիլի 24-ի օրվա խորհուրդը, այլ նաև այդ հուշակոթողի կառուցմամբ դրվեց Խորհրդային Հայաստանի կողմից աշխարհում ցեղասպանության խստապահանջ դատապարտման հոգու ճիչ-հիմնաքարը: Ծիծեռնակաբերդի մեծախորհուրդ հուշահամալիրը 1,5 միլիոն հայերի հիշատակը հավերժացնող կոթողաձայն է, որը մշտարթուն է պահում ամենքիս՝ բարբարոս թուրքերի յաթաղանի՝ 1915 թվի իրագործած ոճրագործությունը համայն աշխարհին մշտապես իրազեկելու համար: 1965թ. ապրիլի 24-ին, երբ աշխարհի բազում երկրներում նշվում էր Մեծ եղեռնի 50-ամյա տարելիցը, բազմամարդ ցույցեր կազմակերպվեցին Հայաստանի տարբեր քաղաքների հրապարակներում:

     Ընդառաջելով հանրության չդադարող պահանջներին՝ ՀԽՍՀ նախարարների խորհուրդը 1965թ. մարտի 16-ին որոշում կայացրեց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող կոթողի կառուցման առնչությամբ: Անգնահատելի ջանք, եռանդ և այդ տարիների համար քաջություն ցուցաբերեց հատկապես ՀԿԿ առաջին քարտուղար Յակով Զարոբյանը, ով կարողացավ Մոսկվային համոզել դրա անհրաժեշտության մասին: Հայտարարված միջազգային մրցույթում անթիվ-անհամար առաջարկներից ընտրվեց ,,ՀՍՍՌ Դրոշակ,, ծածկագրով նախագիծը, որի հեղինակներն էին ճարտարապետներ Արթուր Թարխանյանը և Սաշուր Քալաշյանը: Պատմական այդ վեհաշուք կոթողի բացումը տեղի ունեցավ 1967թվի նոյեմբերի 29-ին՝ Հայաստանի 47-րդ տարեդարձի օրը, որը վերածվեց քաղաքական, մշակութային խոշոր իրադարձության: Հուշահամալիրը զբաղեցնում է 4500քմ տարածք և բաղկացած է երեք կառույցներից՝ Հուշապատ, Հավերժության տաճար և ,,Վերածնվող Հայաստան,, հուշասյուն: Հիշատակի դահլիճը բազալտե 12 թեքադիր մույթերով պարփակված տարածություն է, կենտրոնում՝ զոհերի հիշատակի Հավերժական կրակը: Հիշատակի դահլիճին հակադրված է Հայաստանի վերածնունդը խորհրդանշող վերսլաց, սրածայր բրգատիպ կոթողը: 44մ բարձրությամբ սյունը նշանավորում է հայերի վերածնունդը: 1996թվին 100 մետրանոց պատի վրա փորագրվեց ջարդերի ենթարկված ամենահայտնի քաղաքների և գյուղերի անունները:

     Հուշապատի վերջնամասում ամփոփվում են օտարազգի այն հասարակական-քաղաքական գործիչների, մտավորականների գերեզմաններից վերցված հողով լի սափորներ, ովքեր իրենց բողոքի ձայնը բարձացրին՝ ընդդեմ թուրքերի իրագործած անողորմ արյունահեղություն-ցեղասպանության՝ Արմին Վեգներ, Հեդվիգ Բյուլ, Հենրի Մորգենթաուն, Ֆրանց Վերֆել, Յոհաննես Լեփսիուս, Ջեյմս Բրայս, Անատոլ Ֆրանս, Ջակոմո Գորինի, Բենեդիկտոս 15, Ֆրիտյոֆ Նանսեն, Բոդիլ Բյորն, Ֆայեզ էլ Ղուսեյն, Կարեն Եփփե: 1988-1990թթ. Հայոց Մեծ եղեռնի հուշահամալիրի հարևանությամբ տեղադրվեցին խաչքարեր՝ ի հիշատակ Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ, Բաքու քաղաքներում ադրբեջանական վայ-կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի: 1995թ. Մեծ եղեռնի 80-ամյա տարելիցին Ծիծեռնակաբերդում բացվեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, որն այսօր գործում է որպես գիտահետոզատական կենտրոն ՀՀ ԳԱԱ համակարգում: 2004թ. մայիսին ,,Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանը,, ,,Forbes,, ամսագրի կողմից դասվել է  հիշատակի այն ինը թանգարանների շարքին, որոնք ենթակա են յուրաքանչյուրի պարտադիր այցելության:   Ըստ ավանդության՝ ,,Ծիծեռնակաբերդ,, անունը բարձունքն ստացել է այստեղ ապրող ծիծեռնակների անունից, որոնք օգնում էին հեթանոսական աստվածներ Վահագնին և Աստղիկին՝ միմյանց լուրեր փոխանցելու: Իրավամբ հուշահամալիրի համարձակ կառուցումը կապված է մեր հանրապետության երեք առաջին քարտուղարների՝ ինչպես Յա. Զարոբյանի, այնպես էլ Ա. Քոչինյանի և Կ. Դեմիրճյանի անունների հետ:

3D Ծիծեռնակաբերդ