Զվարթնոց

     Հայկական վաղմիջնադարյան չքնաղարվեստ  ճարտարապետության գլուխգործոցներից հրաշապայծառ Զվարթնոցի կամ Վաղարշապատի Ս. Գրիգոր տաճարը գտնվում էր Արարատյան դաշտում: Ըստ հայ պատմիչների և պահպանված հունարեն արձանագրության՝ այն կառուցել է Ներսես Գ Իշխանցի  /Շինող / կաթողիկոսը, որի համար էլ այն  ստացել է Շինարար պատվանունը: Նա՝ որպես նրբանկատ ու խորաթափանց անձնավորություն, անհարմար համարեց բազմաթիվ կրոնավորների քաղաք Վաղարշապատի կենտրոնում՝ տիեզերական Կաթողիկեի մոտ բնակվելը, և այդ էր պատճառը, որ կենտրոնից մոտ 7 կմ հեռու՝ Առապար Վաղարշապատի կոչվող դաշտում, 643 – 652թթ.-ին կառուցեց համացունց գեղեցկության տաճարը, որին ժամանակակիցներն անվանում էին Առապարի Ս. Գրիգոր, և ըստ Մովսես Կաղանկատվացու՝ այն օծվել է 652 թվին:

     Պատմում են, որ  օծման արարողությանը ներկա է եղել  Բյուզանդիայի Կոստանդին կայսրը, ով, հիացած տաճարի հոյակերտությամբ, տունդարձին իր հետ է տանում ճարտարապետին, որ նմանօրինակ մի տաճար էլ կառուցի Կոստանդնուպոլսում, սակայն վարպետը ճանապարհին մահանում է, և ծրագիրը մնում է անկատար: Զվարթնոցը հայկական ճարտարապետության մեջ նորատիպ խոսք էր, որի ազդեցությունը հետագայում դաջվել է  շատ ու շատ շինությունների ճակատին: Զվարթնոցը դարձավ հայկական շինարվեստի, քանդակագործության, դեկորատիվ արվեստի յուրօրինակ հանրագումարը, Հայաստանի քաղաքակրթական ընդհանուր զարգացման բեղուն արգասիքը:  Տաճարի հիմքում ամփոփված էր Գրիգոր Լուսավորչի մասունքը, իսկ տեղագրական առումով էլ գտնվում էր Առապար Վաղարշապատի հարթության սահմաններում, ուստի այստեղից էլ  Առապարի Ս. Գրիգոր անվանումը: Ի  հավելումն ասվածի՝ նշենք նաև, որ տաճարի կառուցման վայրի ընտրությունը կապված է Վաղարշապատ ժամանող Գրիգոր Լուսավորչի և նրան ընդառաջ դիմավորելու եկած Տրդատ թագավորի հանդիպման տեղի հետ:

      Տաճարը Զվարթնոց է անվանել պատմիչ Սեբեոսը. ,, …Այնտեղ կառուցեց մի եկեղեցի՝ երկնավոր ,, Զվարթնոց ,, անվամբ, որը նշանակում է երկնային զինվորների, այսինքն՝ զվարթունների կամ հրեշտակների բազմություն, որոնք երևացել են Ս. Գրիգորին տեսիլքի ժամանակ,,: Այնպես որ զվարթնոց նշանակում է  նաև հրեշտականոց: Ենթադրվում է, որ Զվարթնոցի տարածքում  է եղել հեթանոսական Տիր աստծու մեհյանը: Ենթադրվում է նաև, որ հավանաբար տաճարը երկրաշարժից է ավերվել: Հայտնի է միայն, որ տաճարը կանգուն է եղել մինչև 10-րդ դարը: 20-րդ դարի սկզբին ավերակ Զվարթնոցը տակավին ծածկված էր հողի հաստ շերտով: Խաչիկ վարդապետ Դադյանի նախաձեռնությամբ  պեղումներ են սկսվել միայն 1901 թվից, իսկ 1904 թվից՝ ճարտարապետ Թորոս Թորամանյանի գիտական ղեկավարությամբ, ինչի արդյունքում հայտնաբերվել են տաճարը, կաթողիկոսական պալատը՝ օժանդակ շինություններով /բաղնիք, խցեր և այլն /, գերեզմաններ, եկեղեցու ավերակներ, խաղողի քարաշեն հնձան: Տաճարի համար օգտագործվել են տարատեսակ որակների և երանգների տուֆեր, պոչաքար, չեչաքար, փրփրաքար /պեմզա /, վանակատ:

     1905 թ. Թորամանյանը ստեղծեց Զվարթնոցի գիտական վերակազմությունը: Թորամանյանի մանրամասն ուսումնասիրությունները վերականգնեցին տաճարի իսկական պատկերը: Տեղանքի ցածրիկ, շրջանաձև բլրակը պարագծով շրջապատված է յոթաստիճան բազմանիստ հենապատով՝ կազմելով սալահատակ պատվանդան, որի կենտրոնում կառուցվել է տաճարը, որի բարձրաքանդակներից մեկի վրա   պահպանվել է Յոհան մակագրությունը, որը հավանաբար ճարտարապետի անունն է: Փլատակներն այսօր էլ մոգական ուժ ունեն և դիտողին ներշնչում են կոթողի վաղեմի վեհությունը: 1980-90-ական թթ. վերականգնվել են Զվարթնոցի խորանների սյունաշարերը, արծվախոյակ սյուները, առաջին աստիճանի պատերի ստորին մասը: 1937 թ. Զվարթնոցի ավերակներից ոչ հեռու կառուցվել է փոքր թանգարան, որտեղ ցուցադրվում են պեղված նյութերը: Տաճարն աստվածային իր պատվին ու կոչմանն արժանի՝ 1989 թվին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային արժեքների ցանկում:

3D  Զվարթնոց